Գործ ունենք առանց կրակոցի երրորդ համաշխարհային պատերազմի նման մի բանի հետ. Վիգեն Հակոբյան

Այսօր աշխարհում վերադասավորումներ են ընթանում, սա առանց որևէ կրակոցի պատերազմ է, որն իրականացվում է մի գործիքի կիրառմամբ, որի անունը դրել են կորոնավիրուս

«Այն, որ Թուրքիան և մնացած բոլոր պետությունները չէին ճանաչելու Արցախի ընտրությունները, սա նոր բան չէ: Դա ամենականխատեսելի բանն է, որը կարող է այսօր լինել, քանի որ միշտ էլ այդպես է եղել և միշտ էլ կլինի այնքան ժամանակ, մինչև, այսպես ասած՝ աշխարհաքաղաքական կոնսենսուս չլինի Արցախի կարգավիճակի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությանը, որով միջազգային հանրությանը կոչ էր արել չճանաչել Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները և պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո տարածաշրջանում որոշակի գործընթացներ տեղի ունենան:

Նրա խոսքով՝ այս խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում չի բացառվում, որ տարածաշրջանում կարող են լինել ռազմական գործողություններ, սակայն ընդհանուր առմամբ այդ ռազմական գործողությունների հնարավորությունը դիտարկում է համընդհանուր, հնարավոր ավելի խոշոր պատերազմի տիրույթում:

«Եթե այժմ հարցին մոտենանք օբյեկտիվորեն, իրականում գործ չունենք լուրջ պանդեմիայի հետ, այլ գործ ունենք առանց կրակոցի երրորդ համաշխարհային պատերազմի նման մի բանի հետ, որի ընթացքում էպիդեմիա տերմինը հիբրիդային տարբեր գործիքակազմեր օգտագործելու միջոցով, այդ թվում՝ նաև ինֆորմացիոն տեռորի, որն այսօր կոչվում է ինֆոդեմիա, աշխարհում տեղի է ունենում ազդեցությունների,  ֆինանսների, տնտեսությունների գեոքաղաքական ազդեցությունների նոր վերաբաժանում: Ըստ էության, աշխարհը գնում է նոր աշխարհակարգի ձևավորման, կարծում եմ՝ հիմա հենց այս գործընթացի մեջ ենք: Կարծում եմ, երբ նման պայմաններում որևէ կողմ իրեն բավարարված չի զգում, հատկապես, եթե այդ կողմերը լինում են նաև տվյալ դեպքում  միջուկային տերություններ, ապա նման պայմաններում ամեն ինչ ավարտվում է կա՛մ ուղղակի բախումով, կա՛մ  այսօրվա ժամանակաշրջանում պրոքսի բախումներով: Այսինքն՝ միջնորդավորված: Հնարավոր է՝ մի պրոքսի բախում էլ մերը լինի, այդ պատճառով էլ մի քիչ կասկածում եմ, որ այս պայմաններում պատերազմի  ինքնուրույն մի օջախ կարող է ստեղծվել, դա կարող է լինել մեկ ընդհանուր սիստեմի մեջ»,- շեշտեց քաղտեխնոլոգը:

Նա նշեց, թե մոտավորապես գիտի՝ ինչ էր ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գործընթացների վերաբերյալ այս կամ այն չափով տեղեկացված է, բայց չգիտի՝ ում կամ որ կենտրոնի  կողմից, այդ պատճառով էլ անընդհատ ասում է, թե 3 տրիլիոնանոց շուկա է դատարկում, և 30 միլիարդը Հայաստանը պետք է վերցնի, հնարավորություններ են բացվում, և այլն:

«Կարծում եմ, որ գործընթացները, ցավոք, ընթանում են այնպես, որ Հայաստանը՝ որպես ինքնուրույն գործոն, սպասվելիք գործընթացներում դժվար թե ազդեցություն ունենա, ըստ իս, այդ ամենը կրկին միջնորդավորված է տեղի ունենալու, միջնորդավորված ինչ-որ կոորդինատների համակարգում ենք լինելու, հիմա թե այդ նոր շուկայում ամեն ինչ կկորցնե՞նք, շատ կկորցնե՞նք, թե՞ ինչ-որ բաներ կվերցնենք, ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում: Տեսեք, թե աշխարհում ինչ է կատարվում, տարբեր երկրներ ինչ են անում, բայց Բելառուսիան բոլորովին այլ բան է անում, որի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հարցազրույցում պարզ ասաց, որ, եթե տնտեսությունն «անջատի» այնպես, ինչպես բոլորն են անում, արդյունքում ինչ է լինելու՝ սոված է մնալու, բերելու են ու ասեն, որ հաց են տալու, բայց պետք է ենթարկվի, այդ պատճառով էլ տնտեսությունն աշխատեցնում է:

Հիմա Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Հայաստանի տնտեսության, այսպես ասած, «ռուբիլնիկն» անջատել է: Ցավոք, Հայաստանի պարագայում այդքան օպտիմիստ չեմ, քանի որ, չեմ կարծում, որ այսօրվա մեր կրիզիսային մենեջմենթը հիմնված է որևէ համակարգի վրա, մենք չունեինք կառավարման որևէ լուրջ ու գործունյա համակարգ  նույնիսկ այս վարակից առաջ»,- շեշտեց քաղտեխնոլոգը:

Նա նաև նկատեց, որպեսզի երկիրը դերակատարություն ունենա այս կամ այն գործընթացներում, միայն բավական չէ, որ տվյալ երկրի ղեկավարն ասի, թե Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը կամ Ջասթին Տրյուդոն իր ընկերներն են, իրենց հետ նկարվել է, և այլն:

«Խնդիրն այն է, որ այս իրավիճակում հանկարծ Ռուսաստանը որոշում է կայացրել բարձրացնել գազի գինը, սա է փաստը, թե որքանով է Պուտինը Հայաստանի ղեկավարի ընկերը: Կամ՝ երբ Միացյալ Նահանգներն այդեն տասնամյակներ շարունակ Արցախին ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում, հանկարծ դադարում է աջակցել ու հայտարարում, թե գուցե այդ գումարը տրամադրի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար. ահա այստեղ է պետք մտածել, թե իրականում մեր և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ինչ մակարդակի են: Այսինքն՝ օբյեկտիվ գործոններ կան, միայն խոսելը չէ, PR-ը  դնենք մի կողմ, կա պրագմատիզմ, կարևոր չէ, թե ով ինչ է խոսում, այլ, թե ով կոնկրետ ինչ է անում:

Այսօր փաստն այն է, որ Ռուսաստանն ասում է, որ գազի գինը սպառողների համար բարձրացնելու է, Միացյալ Նահանգները դադարեցնում է Արցախին օգնելը, իսկ Չինաստանից էլ առանձնապես տեղեկություն չկա, թե ով ում ընկերն է՝ կերևա: Այսօր աշխարհում վերադասավորումներ են ընթանում, սա առանց որևէ կրակոցի պատերազմ է, որն իրականացվում է մի գործիքի կիրառմամբ, որի անունը դրել են կորոնավիրուս: Սակայն սա չի նշանակում, որ այդ վիրուսը չկա, բայց սա օգտագործվում է աշխարհի վերաձևավորման համար՝ բոլոր ասպեկտներում»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը: