Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված. սուտը չի անցնելու

Եվրոպական տարածքում Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքը «քննությունից կտրվել է» և նրա տված լիցենզիաները առ ոչինչ են համարվում ԵՄ տարածքում մինչև այն պահը, երբ բացթողումներն ու թերությունները Քաղավիացիայի կոմիտեում կշտկվեն

Շուրջ երկու տարի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախին պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Սկզբնաղբյուրում սևը սպիտակի վրա գրված է, որ Քաղավիացիայի կոմիտեի տված լիցենզիաները կասկածի տակ են առնված: Եվ ոչ մի խոսք չկա Քաղավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու մասին: Բայց արի ու տես, որ հայտնվեցին կամ ավելի շուտ նպատակաուղղված ատեղծվեցին նյութեր, որոնք տարածում էին, թե Քաղավիացիայի կոմիտեին են զրկել լիցենզիայից: Ինչն էլ այսօր իշխանությունը հերոսաբար հերքում է՝ պատրանք ստեղծելով, թե տեղեկատվությունը սուտ է», գրում է նախկին պատգամավորը:

Մինչդեռ, ըստ Մ․Հակոբյանի, փաստ է, որ կա 57 էջանոց զեկույց, որը վատն է, և առնվազն առաջիկա տարիների ընթացքում լրջագույն խնդիրներ է առաջացնելու Քաղավիացիայի կոմիտեի կողմից լիցենզավորվող տնտեսվարողների համար:

«Օրինակ՝ X ավիաընկերությունը չի կարողանալու լիցենզիա ստանալ Քաղավիացիայի կոմիտեից և կանոնավոր կամ չարթերային թռիչք իրականցնել եվրոպական ուղղությամբ: Ավելի ճիշտ՝ կարող է լիցենզիա ստանալ, բայց այդ լիցենզիան առ ոչինչ է լինելու գոնե  եվրոպական տարածքում: Ի՞նչ է սա նշանակում. X ավիաընկերություններին Քաղավիացիայի կոմիտեն լիցենզիա է տրամադրել և այդ ընկերությունները չեն կարողացել «քննությունն անցնել» ԵՄ տարածքում, հետևաբար եվրոպական տարածքում Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքը «քննությունից կտրվել է» և նրա տված լիցենզիաները առ ոչինչ են համարվում ԵՄ տարածքում մինչև այն պահը, երբ բացթողումներն ու թերությունները Քաղավիացիայի կոմիտեում կշտկվեն: Իսկ մինչև ժողվարչապետի իշխանության գալը նման խնդիր երբևէ չի եղել: Կրկնում եմ՝ երբևէ չի եղել: Քաղավիացիայի կոմիտեի տված լիցենզիայով Եվրոպա թռչող ոչ մի բորտ երբևէ խնդիր չի ունեցել:

Հիմա հերոսաբար հերքում են, բուն թեման շեղում են ու տանում  չեղած բանը հերքելու ուղղությամբ, նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ և այլն: Ահա այսպես շուրջ երկու տարի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է, ֆեյքնյուզ է հորինում և իր հորինածը հերոսաբար հերքում՝ կարծելով, թե հնարավոր է անվերջ խաբել ու մոլորեցնել ժողովրդին: Չի ստացվելու, ուղղակի չի ստացվելու», գրել է Միհրան Հակոբյանը եւ հետգրություն թողել․

«Հ. Գ. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված: Սուտը չի անցնելու»: