Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը բազմիցս բացասական է արտահայտվել COVID-19-ի դեմ պայքարի խիստ միջոցների մասին, այս կիրակի հայտարարել է ազգային ծոմի և աղոթքի օր՝ «Բրազիլիան չար համավարակից ազատելու համար», tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Reuters գործակալությունը։
Երկրում կորոնավրուսի հետևանքով զոհերի թվի աճի և հանրային առողջապահության ոլորտում ճգնաժամի ֆոնին Բոլսոնարուն, որը մեղմել է COVID-19-ի դեմ պայքարի իր տոնը, հանդիպել է ավետարանական քրիստոնյաների հետ, գրում է աղբյուրը։
«Կրոնական առաջնորդների հետ միասին մենք բրազիլացիներին կոչ ենք անում ծոմ պահել և աղոթել, որպեսզի Բրազիլիան հնարավորինս շուտ ազատվի այս չարիքից»,- ասել է նա Jovem Pan ռադիոկայանի եթերում:
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը դիմել էր երկրի նահանգապետերին՝ կոչ անելով չեղարկել կարանտինը, իսկ բրազիլացիներին հորդորել էր վերադառնալ աշխատանքի։
«Մենք պետք է վերադառնանք բնականոն կյանքին։ Մի քանի նահանգներ և քաղաքապետարաններ պետք է հրաժարվեն իրենց որդեգրած քաղաքականությունից», - հայտարարել էր Բրազիլիայի նախագահը։
Կարանտինի մեջ գտնվող բրազիլացիներն ի պատասխան նախագահ Ժաիր Բոլսոնարուի՝ կարանտինը չեղարկելու և աշխատանքի վերադառնելու մասին կոչերի, պատուհաններից և պատշգամբներից իրենց զայրույթն էին արտահայտել «Բոլսոնարո՛ւ, հեռացի՛ր» բացականչություններով։
Բրազիլիայում, ըստ պաշտոնական տվյալների, հաստատվել է կորոնավիրուսի 9 216 դեպք, որոնցից 365-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 127 մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1,121,917 դեպք, 59,401-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 230,316 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում:
0Comments