Ստիպված ենք լինելու հաջորդ սերունդներին ծանր ժառանգություն թողնել՝ արյունոտ, մարդակուլ և մարդատյաց պատերազմ

Ծավալապաշտությունն ամենամեծ արատն է, որն ի զորու է ներսից քայքայել նույնիսկ ամենազարգացած հանրույթներին

Ես մարդկայնորեն հասկանում եմ 1994 թ․ մայիսի 12-ի զինադադարը քննադատողներին։ Հեշտ գործ չի պատերազմ ժառանգելն ու ժառանգություն ստանալը։ Մենք էլ ենք ստիպված լինելու հաջորդ սերունդներին այդպիսի ծանր ժառանգություն թողնել՝ արյունոտ, մարդակուլ և մարդատյաց պատերազմ։

Բայց, այնուամենայնիվ, հասկանալի չէ, թե ինչպիսի հանդուգն ու հոխորտացող ինքնավստահությամբ են մարդիկ կասկածի տակ դնում պատերազմի իրական նվաճումներն ու զինադադարի արդյունքները։ Ի դեպ «իրական նվաճում» ձևակերպումն ամենևին էլ պատահականություն չէ, քանի որ նաիվ զանգվածները հիմնականում խաղում են միֆերով, հերոսապատումներով ու տարատեսակ զանգվածային խաղալիքներով։ Խաղալիքներ, որոնց ներազդեցությամբ մարդը պատրաստ է ուրանալ բոլոր իրական արժեքներն ու թքել նվաճումների վրա։

Ասում են, թե զինադադարի ստորագրումն ինքնին անթույլատրելի էր։ Անհրաժեշտ էր շարունակել պատերազմն ու վերջնականապես ջախջախել Արդբեջանին։ Սա իհարկե պատերազմի հետ կապված ամենամեծ միֆն է, որը քարոզվում է վերջին 25 տարիներին։ Իմաստ չկա այս միֆի դեմ պայքարել, քանի որ ինչպես Ռ․ Բարտն է նկատում միֆին հաղթելու փորձը անպտուղ զբաղմունք է, ընդհակառակը՝ հաղթելու փոխարեն առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ ու վերլուծել միֆը, ընկալել դրա պատճառներն ու ստեղծման հանգամանքները։ Այնպես որ մի՛ փորձեք հաղթել միֆերին, անիմաստ գործ է և վստահաբար հաջորդ 25 տարիներին էլ շարունակելու են պնդել, որ զինադադարի ստորագրումը անթույլատրելի էր։

Գաղափարական այսպիսի պաշար ունեցող մարդկանց իհարկե բարդ է բացատրել, որ զինադադարի կնքման պահին Հայաստանն այլևս պատերազմը շարունակելու ռեսուրսներ ու հնարավորություններ չուներ, զինադադարը՝ որպես շրջափուլի ավարտ ամենաշահեկան ձեռքբերումն էր։ Փաստացի լուծվել էր Արցախի անվտանգության խնդիրը, քանի որ նախկին ԼՂԻՄ-ին էին կցվել 7 շրջանները, որոնք իրենց բուֆերային կարգավիճակով էապես բարդացնում էին Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգության հնարավորություն։ Ի դեպ ամենամեծ նվաճումն այն էր, որ Հայաստանը չպիտակվեց որպես ագրեսոր և Երևանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեցին։

Մյուս նվաճումն այն էր, որ աշխարհը հաշվի նստեց Արցախի փաստացի գոյության հետ՝ վերջինիս դիտարկելով որպես հակամարտության կողմ։ Հիմա այսքանից հետո էլ ի՞նչ էինք ուզում, չէ՞ որ Արցախի արդի գոյությունն ինչ-որ իմաստով զինադադարի փաստաթղթի հետևանքն է։ Հայկական Հանրապետությունը զարգանալու և ժամանակ շահելու ռեալ հնարավորություն ստացավ։ Երկու տասնամյակների ընթացքում այն կայացավ, ստեղծեց ինստիտուտներ, ինչի արդյունքում էլ վերջնականպես փակվեց Արցախի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու հնարավորության էջը։

Հիմա ինքներդ ձեզ նորից նույն հարցը տվեք, ի՞նչ կլիներ Արցախի հետ, եթե հայկական զորքերը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և միջազգային կառույցների ճնշման տակ շարունակեին պատերազամական գործողությունները։ Հնարավոր է և մեծ հաջողություններին հաջորդեր ռազմաքաղաքական ջախջախիչ պարտությունը, քանի որ Ադրբեջանն աստիճանաբար դուրս էր գալիս քաոսային իրավիճակից։ Այդ դեպքում ո՞վ էր պատասխան տալու, Բաքուն գրավող դեգենեռատնե՞րը։

Ծավալապաշտությունն ամենամեծ արատն է, որն ի զորու է ներսից քայքայել նույնիսկ ամենազարգացած հանրույթներին։ Պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը պատերազմում պարտվել է իր իսկ հիմար և անմեղսունակ ծավալապաշտության պատճառով, նրանք ավելին էին ուզում, չէին կշտանում՝ աչքի տակ ունենալով Գորիսն ու Երևանը։ Տեսա՞ք ինչ եղավ։

Ի դեպ ծավալապաշտության դառը հետևանքները մենք բոլորից լավ պետք է սերտած լինեինք, քանի որ ոչ վաղ անցյալում, ընդամենը 100 տարի առաջ մի ամբողջ հայրենիք ենք կորցրել զանգվածային այդ ախտի պատճառով։ Ծավալապաշտական հռետորաբանությունը միշտ ականջին հաճելի է լինում, հիմա էլ կարելի նկատել շատերի անմեղսունակ հրճվանքը, երբ խոսքը գնում է Ադրբեջանին մոլորակի վրայից բնաջնջելու անհրաժեշտության մասին։ Բայց ականջի լսածն ու հողի վրայի իրականությունը միշտ չէ, որ համապատասխանում են իրար, քանի որ ականջի համար սիրունը երբեմն մարդուն ու հանրությանը թողնում է առանց ոտքերի։

Իմ լավ ընկեր Նիցշեն ասում էր․ «Ինքնըստինքյան միևնույն է` իրական է սա կամ մեկ ուրիշ բան, բայց չափից ավելի կարևոր է, թե որքանով են հավատում, որ դա իրական է»։

Կարպիս Փաշոյան