Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից և տեղափոխվել «Երևան Կենտրոն» ՔԿՀ. պաշտպան

Այս պահին հետագա նիստների  և մեր անելիքների մասին չեմ կարող որևէ բան ասել, քանի որ Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի մասին դեռ տեղեկություն չկա. պաշտպան

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխվել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանից:

Նա նշեց, որ հստակ չի կարող պնդել, որ Ռոբերտ Քոչարյանն ամբողջովին լավացել է, բայց էապես ավելի լավ է, քան բժշկական հիմնարկ տեղափոխվելու ժամանակ:

«Այս պահին հետագա նիստների  և մեր անելիքների մասին չեմ կարող որևէ բան ասել, քանի որ Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի մասին դեռ տեղեկություն չկա: Մի քանի գործընթացներ կան, որոնց մասին հետագայում կտեղեկացնենք»,-ասաց նա:

Մարտի 7-ի ուշ երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն, որից հետո՝ բժշկի ցուցումով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով: