Իսկ ինչո՞վ էին զբաղված ՀՀ ներքին անվտանգության և հակահետախուզության համար պատասխանատու ծառայությունները. Ա. Ղազինյան

Հուսով եմ, երբևէ կստանանք այս հարցի պատասխանը և ամեն ինչ կընկնի իր տեղը

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ հաճույքով դիտեցի 5-րդ ալիքի եթերում հեռարձակված ապրիլյան պատերազմի մասին փաստա-վավերագրական ֆիլմը:

Լավն էր, պրոֆեսիոնալ, ուսոցողական և ինֆորմատիվ:

Լսելով նախկին իշխանության քաղաքական և ռազմական ղեկավարության խոսքը և գնահատականները, չէր կարելի չնկատել, որ ամբողջ ֆիլմի ընթացքում կարմիր թելով անցնում էր այն թեզը, որ պատերազմի օրերին, դրանից առաջ և հետո, Հայաստանում գործել է օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կազմակերպված խումբ, որն իրականացրել է թիկունքը քայքայելու և հասարակությունը պառակտելուն միտված գործունեություն:

Բոլորս ենք հիշում թևավոր դարձած հետևյալ հայտնի արտահայտությունները. «դիրքերում փամփուշտ չի եղել», «զինվորները բահերով են կռվել», «տանկերի մեջ վառելիք չի եղել», «պատերազմը պայմանավորված է եղել», «հողերը ծախել են» և այսպես շարունակ:

Մառազմը հասել էր նույնիսկ այն աստիճանի, որ հեռուստատեսային եթերով որոշ մարդիկ կոչ էին անում ստուգել երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների և նրանց մերձավոր ազգականների հաշիվները` ենթադրաբար ադրբեջանից ինչ-որ վճարումներ գտնելու ակնկալիքով:

Նշվեց նաև, որ այդ կազմակերպված խմբի տրամադրության ներքո գտնվող ԶԼՄ-ների միջոցով Հայաստանում տարածվում էր ադրբեջանական քարոզչություն, ինչը, պատերազմի իրավիճակում, կարող է որակվել միայն որպես պետական դավաճանություն:

Չեմ վիճում, միգուցե ճիշտ եք: Բայց ամեն ինչ այդքան միանշնակ չէ և մտածող մարդկանց մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնցից կներկայացնեմ միայն մեկը.

Իսկ ինչո՞վ էին զբաղված Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգության և հակահետախուզության համար պատասխանատու ծառայությունները: Ինչո՞ւ ժամանակին և բարեխղճորեն չեն կատարել իրենց պարտականությունները և չեն կասեցրել ու չեզոքացրել այդ շատ հարուստ և լավ կազմակերպված խմբին, որ նրանք պատերազմից 3 ամիս հետո կարողացան գրավել ՊՊԾ գունդը, սպանել ոստիկաններին, պատանդ վերցնել իրենց օգնության եկած բժիշկներին և հրահրել ներքին խժդժություններ` զանգվածային բողոքի ցույցերի և բախումների ձևով: Եվ սա միայն մի հատվածն է, էլ չեմ խոսում տասնամյակներ շարունակ մարդու իրավունքների և ժողովրդավարության համար կեղծ պայքար մղած տարաբնույթ կազմավորումների մասին, որոնք բացի ատելություն քարոզելուց և իրողությունները կեղծելուց, որևէ կերպ չեն օժանդակել մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության կայացմանը:

Իսկ ամենավերջում հասանք նրան, որ այդ կազմակերպված խումբն այնքան ուժեղացավ, որ կարողացավ կենտրոնացնել իր բոլոր ռեսուրսները` Հայաստանում իշխանությունը փոխելու և իրենց համար ցանկալի իշխանություն ձևավորելու համար:

Հուսով եմ, երբևէ կստանանք այս հարցի պատասխանը և ամեն ինչ կընկնի իր տեղը»: