Վրաստանի կառավարությունը կվճարի գարնան երեք ամիսներին քաղաքացիների կոմունալները.  pia.ge

Գախարիան նշել է նաև, որ իրենք հասկանում են, որ ամեն ինչ պետք է անեն աշխատանքը կորցրած բոլոր քաղաքացիների համար, և խոստացել է այդ ուղղությամբ կրկին հատուկ քայլեր ձեռնարկել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ կառավարությունն իր վրա է վերցնում գարնանային երեք ամիսներին երկրում 200 կՎտ-ից քիչ էլեկտրաէներգիա և 200 խմ-ից քիչ գազ սպառած բնակիչների կոմունալ ծախսերը: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Կառավարությունը որոշել է ամբողջովին սուբսիդավորել բոլոր այն քաղաքացիների կոմունալ ծախսերը, որոնք 3 ամսվա ընթացքում 200 կՎտ-ից քիչ էլեկտրաէներգիա և 200 խմ-ից քիչ գազ կօգտագործեն»,-ասել է Գախարիան:

Վարչապետի խոսքով՝ ֆինանսավորումը վերաբերում է նաև աղբահանությանն ու ջրամատակարարմանը:

«Սա ներառում է նաև աղբահանությունն ու ջրամատակարարումը: Այս օգնությունը ցանկացած քաղաքացու համար է»,-նշել է Վրաստանի վարչապետը:

Գախարիան նշել է նաև, որ իրենք հասկանում են, որ ամեն ինչ պետք է անեն աշխատանքը կորցրած բոլոր քաղաքացիների համար, և խոստացել է այդ ուղղությամբ կրկին հատուկ քայլեր ձեռնարկել: