Դե ավիառեժիմի վրա դրեք, գնացեք հարսանիք, ի՞նչ ասեմ․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարությունը մանանա էլ իջեցնի երկնքից, էդ բոլորն անիմաստ կլինի, եթե քաղաքացիները ընդառաջ չգնան. ԱԺ նախագահ

ԱԺ արտահերթ նիստի վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունները տեղեկացվել են զուգահեռաբար, ինչ քաղաքական մեծամասնությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում արտահերթ նիստին, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց բջջայինների միջոցով քաղաքացիների տեղաշարժի եւ կատարած հեռախոսազանգերի վերաբերյալ տվյալների ստանալու մասին օրինագիծը, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Շատ կարեւոր արձանագրում է, որ նույն նախագիծն է քննարկվում, քննարկումը տեղի է ունեցել ընդդիմադիրների մասնակցությամբ, ներկայությամբ, իրենց կողմից նախագիծը բուռն քննադատության արժանացել է, այսինքն ընդդմիության իրավունքը լավագույնս իրացվել է։ Ակնհայտ է, որ այս օրինագիծը կառավարությունը կյանքի է կոչում իր քաղաքական հեղինակության, վարկանիշի հաշվին։ Ակնհայտ է, որ այս եւ այլ ծայրահեղ միջոցառումները լինելու են քաղաքական իշխող ուժի հեղինակության հաշվին։ Մենք կորցնելու ենք մեր հեղինակությունը, բայց փրկելու ենք մարդկային կյանքեր։ Սա է քննարկվում»,- նշեց նա։

Արարատ Միզոյանի խոսքով՝ պետք է բոլորը միասնական պայքարեն, որպեսզի կառավարության ջանքերը զուր չանցնեն։ Որպես օրինակ նա բերեց քննարկվող օրինագծերի վերաբերյալ հանրության շրջանում իշխող տրամադրությունները՝ ընդգծելով դրանց ոչ տրամաբանական լինելը այս պայմաններում։

«Կառավարությունը մանանա էլ իջեցնի երկնքից, էդ բոլորն անիմաստ կլինի, եթե քաղաքացիները ընդառաջ չգնան։ Ֆեյսբուքում ասում են՝ ավիառեժիմի վրա դրեք, չի երեւալու։ Դե ավիառեժիմի վրա դրեք, գնացեք հարսանիք, ի՞նչ ասեմ, տենց ո՞նց կլինի»,- նշեց նա"

Նշենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փոփոխությունների ընդունումն այսօր մեկ անգամ տապալվել էր, երբ իշխող ուժը քվորում չէր կարողացել ապահով, իսկ ընդդիմադիրները չէին մասնակցել քվերակությանը։ Ժամեր անց Կառավարությունը կրկին ներկայացրեց օրինագծերն ԱԺ, այս անգամ քննարկումը տեղի ունեցավ առանց ընդդիմադիրների, որոնք հանդես եկան խախտումներով նիստը անցկացնելու, իրենց պատշաճ չտեղեկացնելու մասին հայտարարություններով։ Օրինագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունվել են։