«Իմ քայլի» ձայները չհերիքեցին, որպեսզի ԱԺ-ն ընդուներ հեռախոսազանգերը ֆիքսելու վերաբերյալ փաթեթը

«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին, սակայն փաթեթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր և այն չընդունվեց

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ չկարողացավ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաեթը:

Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց ԲՀԿ-ի իրենց գործընկերներին միանալ իրենց եւ չմասնակցել քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» պատգամավորները դահլիճում 65 հոգուց քիչ են, հետեւաբար օրենքը չի ընդունվի:

«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: «Կորոնավիրուսի տարածման արագությունը չափազանց մեծ է եւ պահանջում է արագ քայլեր»,-ասաց նա:

Փաթեթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր և այն չընդունվեց:

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չքվեարկեցին:

Այս փաթեթը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի նոր սահմանափակումներին:

Նախագծով նախատեսվում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) եւ հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: