Մարտի 30-ից սկսած փողոց դուրս գալու համար պետք է SMS-ով թույլտվություն ստանան

Հեռախոսում գտնվող հաղորդագրությունն իր հերթին ոստիկանության աշխատակցի համար որպես փաստաթուղթ կծառայի, այդ պատճառով տնից դուրս գալու համար անհրաժեշտ է միայն հեռախոս և անձը հաստատող փաստաթուղթ վերցնել

Ալբանիայի բնակիչները մարտի 30-ից սկսած փողոց դուրս գալու համար պետք է հաղորդագրության տեսքով թույլտվություն ստանան, տեղեկացնում է Թերթ․am-ը հղում տալով korrespondent.net կայքին։

Նշվում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով Ալբանիայի կառավարությունը քաղաքացիների՝ փողոց դուրս գալու համար պարտադիր թույլտվություն ստանալու ընթացակարգ է մտցնում։

Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ուղարկել հատուկ համարով, կամ ալբանական անձնագրի առկայության դեպքում հատուկ կայքում հարցաթերթիկ լրացնել։

«Ուշադրություն դարձրե՛ք, որ տնից դուրս գալու թույլտվություն կստանաք պատասխան հաղորդագրության տեսքով (սպասման ժամանակը՝ մինչև 24 ժամ)։ Թույլտվությունը մի ժամ ուժի մեջ կլինի։ Դրա համար կարելի է դիմել միայն 05։00–ից մինչև 13։00-ն փողոցում գտնվելու թույլատրելի ժամանակահատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նոր թույլտվություններ ստանալու համար անհրաժեշտ է ամեն օր հաղորդագրություն ուղարկել։ Հեռախոսում գտնվող հաղորդագրությունն իր հերթին ոստիկանության աշխատակցի համար որպես փաստաթուղթ կծառայի, այդ պատճառով տնից դուրս գալու համար անհրաժեշտ է միայն հեռախոս և անձը հաստատող փաստաթուղթ վերցնել։

Միևնույն ժամանակ 13։00-ից հետո փողոց դուրս գալը խստագույնս արգելվում է, իսկ հեռախոսի մեջ թույլտվության բացակայության դեպքում անձին սպառնում է մոտ 100 դոլարի չափով տուգանք։

Ալբանիայում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 212 է։ Երկրում հիվանդությունից մահացել է 10 մարդ։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 723 279-ի, որից 33 993-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 800 մարդ։