Ալի Մուսսան սպառնացել է «Արդշինբանկ»-ին, որ շատ արյուն կթափվի, եթե բանկը չկատարի 245 մլն դրամին համարժեք փոխանցում

Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննությունը շարունակելու համար․ «Ժողովուրդ»
արդշինբանկ Ashib_building

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բանկերից մի քանիսը սպառնալիք պարունակող նամակներ են ստացել, որով նրանցից պահանջել են կոնկրետ գումար փոխանցել։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 17-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Ազգային անվտանգության ծառայություն և հաղորդում տվել հանցագործության մասին։ Մասնավորապես, բանկը ԱԱԾ-ին ներկայացրել է տեղեկություն, որ փետրվարի 12-ին բանկի պաշտոնական էլ․ փոստին ոմն Ալի Մուսսան նամակ է ուղարկել։ Իսկ ինչ է գրված եղել նամակում։

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալի Մուսսան, ով ներկայացել է Կովկաս Միացյալ Վիլայաթի անունիս, սպառնացել է, թե իրենց կողմից մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը, և եթե մոտակա օրերին բանկը չկատարի 245 մլն 533 հազար 490 դրամին համարժեք փոխանցում, ապա շատ արյուն կթափվի, այնուհետև կսկսվի որս նրանց երեխաների նկատմամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել այս տեղեկությունը Ազգային անվտանգության ծառայությունից, որտեղից ի պատասխան՝ միայն հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննությունը շարունակելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։