Իրանում ավելի քան 300 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ թունավոր մեթանոլի օգտագործումից․ South Morning China Post

Ալկոհոլի օգտագործումն արգելված է, ուստի բնակիչներն ապավինում են անօրինական խմիչք վաճառողներին

Իրանում հարյուրավոր մարդիկ մահացել են թունավոր մեթանոլի օգտագործումից, որով փորձել են պաշտպանվել կորոնավիրուսից, Թերթ․am-ի փոխանցմամբ՝ գրում է South Morning China Post-ը։

Աղբյուրը գրում է, որ Իրանում մարդկանց շրջանում տիրող անիրազեկությունը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ավելի քան 1000 տուժածների, այդ թվում՝ 5-ամյա մի երեխա, որի ծնողները ստիպել են նոր տեսակի կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով թունավոր մեթանոլ խմել, ինչի հետևանքով երեխան կուրացել է։

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մեթանոլի հետևանքով Իրանում ավելի քան 300 մարդ է մահացել, ևս 1000-ը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Աղբյուրը գրում է, որ Իրանում ալկոհոլի օգտագործումն արգելված է, ուստի բնակիչներն ապավինում են անօրինական խմիչք վաճառողներին։

«Լուրեր են պտտվում, որ ալկոհոլը կարող է լվանալ և ախտահանել մարսողական համակարգը։ Դա շատ սխալ է։ Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, կարող է վնասել հազարավոր մարդկանց մարսողական համակարգը»,- ասել է դոկտոր Ջավադ Ամինի Սամանը։

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 32,332 է։ Մահացել է 2,378 մարդ։

iran alcohol