Ալո, Ձեզ հետ Նիկոլն է խոսում, Փաշինյան․ Հեռախոսազրույց քաղաքացու հետ

Վարկ ենք վերցնում, վարկով վարկ ենք փակում, կոմունալ ենք վճարում

Մի կերպ ենք դիմանում այս սահմանափակումներին, ամուսինս չի աշխատում, հիվանդ, ծեր մայր ունեմ՝ երկրորդ կարգի հաշմանդամ: Այս մասին ՀՀ վարչապետին ասաց քաղաքացիներից մեկը, երբ վարչապետը պատահական զանգում էր քաղաքացիներին՝ իմանալու, թե ինչպես են արտակարգ դրության հետևանքով առաջացած սահմանափակումներին դիմանում:

«Ամուսնուս արդեն երկրորդ ամիսն է իր հաշվին արձակուրդ են տվել, «Իդեալ» համակարգում է աշխատել: Վարկ ենք վերցնում, վարկով վարկ ենք փակում, կոմունալ ենք վճարում»,-պատմեց քաղաքացին:

«Այսինքն՝ ձեր ընտանիքի միակ եկամուտը թոշա՞կն է»,-հարցրեց վարչապետը և դրական պատասխան ստացավ: Քաղաքացին նշեց, որ մայրը 40 հազար դրամ է թոշակ ստանում, իսկ իրենք սպառողական վարկեր են վերցնում:

Զրույցին միացավ վարչապետի հետ խոսող կնոջ ամուսինը, ով ասաց, որ նախկինում աշխատում էր «Աշտարական կաթ»-ում, որը լուծարվեց, իսկ պարտքերը, վարկերը կուտակվեցին: «Քանի ամիս գումարները չտվեցին, թոզ էին փչում: Մենք վարկեր ենք վերցնում, որ գոյատևենք»,-ասաց նա:

Նա նշեց, որ ինքը «Իդեալում» թեև նոր աշխատող է և իրեն արձակուրդ չի հասնում, սակայն հին աշխատողներին ևս, պարտադրում են իրենց հաշվին արձակուրդ վերցնել:

Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ անի կառավարությունը, որ տանելի հաղթահարեն այս վիճակը, իսկ քաղաքացին ասաց, որ այս պահին հինգ հազար դրամ գումար ունի և նորից պետք է վարկ վերցնի: Նա նաև նշեց, որ իր վարկը գրեթե վեց միլիոնի է հասնում:

Վարչապետի հետ հեռախոսազրույցին միացավ նաև տանտիկնոջ եղբայրը, ով ասաց, որ երկու փոքր երեխան ունի, 46 տարեկան է և աշխատանք չի գտնում, քանի որ գործատուները տարիքային սահմանափակում են դնում և անգամ՝ որպես առաքիչ աշխատել չի կարողանում: «Ես փող չեմ ուզում, «Փարոս» չեմ ուզում, ինձ գոնե գործ տան, ես իմ հոգսերը կհոգամ»,-ասաց քաղաքացին:

Վարչապետն ամփոփելով՝ կարևորեց, որ պետք է այնպես անեն, որ սոցիալական աջակցության ծրագրերը հասնեն կարիքավորներին: «Այս դեպքը պետք է նայենք, թե մեր փաթեթները հասնելու է նման մարդկանց, թե ոչ: Պետք է ուս-ուսի տված աշխատենք և կասկած չկա, որ կհաղթահարենք»,-ասաց նա: