Կորոնավիրուսը սկսել է նահանջել Իտալիայում. ցուցանիշները հուսադրում են

Ցուցանիշը նվազում է արդեն չորրորդ օրն անընդմեջ

Իտալիայում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը նվազում է արդեն չորրորդ օրն անընդմեջ. զոհերի թիվը նվազել է 60-ով՝ երկրում մահացել է 683 մարդ, ընդհանուր թիվը հասել է 7503-ի, հայտարարել է քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Ագոստինո Միոցոն:

«Ապաքինվածների թիվն ավելացել է 1036-ով՝ 9362 մարդ», – ասել է Միոցոն չորեքշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ: Ապաքինման դեպքերի թվի աճը շարունակվում է երրորդ օրն անընդմեջ:

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին, ով ավանդաբար ներկայացնում է օրվա տվյալները, չորեքշաբթի օրը բարձր ջերմություն ունենալու պատճառով լքել է աշխատավայրը:

Ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդման, նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ ծառայությունում հաստատվել էր վարակի 12 դեպք, բայց այդ ժամանակ Բորելիի թեստի արդյունքը բացասական է եղել:

Ներկայումս ավելի քան 57 հազար իտալացի վարակված է կորոնավիրուսով, 24 ժամում այդ ցուցանիշն աճել է 3491-ով: Այս կարևոր ցուցանիշը նվազում է արդեն չորրորդ օրն անընդմեջ:

Երեքշաբթի օրը գրանցվել է 743 մահվան դեպք, երկուշաբթի օրը մահվան դեպքերի թիվը 601 էր: Մահացության ամենամեծ թիվը գրանցվել է շաբաթ երեկոյան. իշխանությունները հայտնել են 793 մահվան դեպքի մասին: