Տպավորություն է՝ աշխարհը քեֆ է անում, իսկ ազնիվ մեր ցեղը կորչելու է զուր տեղը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Նա տեղեկացրեց, որ վաղը կառավարության նիստում 5 փաթեթ է ընդունվելու, որտեղ կառավարությունը քաջալերելու է, որ բիզնեսը մարդկանց աշխատավարձերը տա

Մենք մարզերում շատ ունենք թեթև արդյունաբերության արտադրամասեր և աշխատակիցները չգիտեն իրենց աշխատավարձը պահպանու՞մ է, թե՞ոչ: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա սեփականատերերի հետ աշխատակիցների աշխատավարձի պահպանման ուղղությամբ պայմանավորվածություն, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա, ըստ պատգամավորի՝ սոցիալական խնդիր կառաջանա: «Մյուս կողմից էլ սեփականատերերը․ նրանք արտադրանքի մեծ մասի պատվերը դրսից են ստանում, եթե կասեցվում են պատվերների տրամադրումը և դրսի կազմակերպությունները կարող են այլ երկրների արտադրամասերի հետ կապ հաստատել և մեր արտադրամասերն այլևս հնարավորություն չեն ունենա շարունակել մատակարարել: Արդյո՞ք մենք պատրաստ ենք աջակցելու տնտեսվարողներին»,- հարցրեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել նրան, որ ոչ թե Հայաստանում կորանվիրուսի համաճարակ է, այլ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է: «Այդ ո՞ր երկրներն են, որ այսօր արտադրում են առանց սահամանփակման, սոցիալական ցանցերում էլ թե նայենք ուրիշ բան չեմ ասում, աշխարհի բոլոր երկրներից, ամենազարգացած երկրներից փողոցների լուսանկարներ են դնում,  որտեղ մարդ չկա: Ես ձեր հարցը հասկանում եմ, ամբողջությամբ համամիտ եմ մտահոգությանը, բայց եթե ձեր հարցերը նայում ենք, ինձ մոտ տպավորություն է, թե ամբողջ աշխարհն ապրում է իր կյանքով, պայմանագրեր են կնքում, արտադրում են, մատակարարում են, քեֆ են անում, իսկ կորոնավիրուսը մտել է Հայաստան և ազնիվ մեր ցեղը կորչելու է զուր տեղը: Ամբողջ աշխարհում է այդ իրավիճակը»,-ընդգծեց վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ վաղը կառավարության նիստում 5 փաթեթ է ընդունվելու, որտեղ կառավարությունը քաջալերելու է, որ բիզնեսը մարդկանց աշխատավարձերը տա, խրախուսելու է այն բիզնեսներին, որոնք աշխատատեղերը չեն կրճատում և աշխատավարձը վճարում են: «Սոցիալական աջակցության փաթեթ ենք ընդունելու այն երեխաների համար, որոնց ծնողները վերջին արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչև այսօր կորցրել են իրենց աշխատանքը, այդպիսի երեխաներին 100 հազար դրամ աջակցության փաթեթ ենք տալու: Մենք որոշ սեգմենտների՝ այն ընկերությունները, որոնք իրենց աշխատողներին չեն կրճատել արտակարգ դրությամբ պայմանավորված, նրանց աշխատակիցների մի մասի աշխատավարձը կառավարությունն է վճարելու, գրանտ ենք տալու այդ ընկերություններին»,- հայտարարեց նա:

Փաշինյանը շեշտեց՝ տպավորություն չստեղծվի, որ ընկերությունները պետք է աշխատեն, իսկ կառավարությունը փակել և վնաս է տվել: «Բոլոր ուղղություններով աշխատում ենք: Հերթով բոլորին աջակցելու ենք, բայց աջակցելու ենք նրանց, հասցեական որոնք մրցունակ, պարտաճանաչ, քաղաքակիրթ, օրինական զարգացած բիզնես հեռանկար ունեն: Որովհետև այն ընկերությունները, եթե կորոնավիրուսը չլիներ էլ, այսպես թե այնպես՝ փակվելու էին, այդ ընկերությանն աջակցելու որևէ իմաստ չկա, որովհետև կորոնավիրուսն անցավ, ինքն էլի փակվելու է»,- ասաց նա:

Տարոն Սիմոնյանն էլ արձագանքեց նշելով, որ աշխարհի 4 տասնյակ երկրում է միայն վարակը տարածված: «Ձեր պատասխանից այնպիսի տպավորություն է, որ լավ չենք անում, որ Ձեզ հարց ենք տալիս: Մենք մեր քաղաքացիների մտահոգություններն ենք բարձրացնում»,- ասաց Սիմոնյանը:

Վարչապետն էլ նշեց, թե լավ են անում, որ հարց են տալիս: «Ես ներողություն եմ խնդրում, որ պետք է հերքեմ Ձեր վիճակագրությունը, բայց այսօր աշխարհում պետություն չկա, որտեղ կորոնավիրուսի համաճարակը չի մտել, որտեղ քիչ է  մտել և կարող են արտադրական պատվերներ ընդունել, նրանք այդքան արտադրական հզորություն չունեն, այդ երկրներն այնքան կտրված են աշխարհի մյուս հատվածից, որ դա է պատճառ՝ քիչ է, դրանք այն երկրներն են, որ չեն կարող մեզ հետ մրցակցել»,- հայտարարեց Փաշինյանը:

Տեսանյութը՝ tert.am-ի