Տպավորություն է, որ դուք բաժանող եք, մենք էլ թույլ չենք տալիս. Փաշինյանը՝ պատգամավորին

«10 հազար չէ, 50 հազար՝ կաժդեմու, նստում ասում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, սա արեք, ձե՞ռ եք առնում». վարչապետ

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է վարկային արձակուրդի գաղափարին. «Եթե մարդն անպարտաճանաչ գործընկեր է, խրոնիկ իր պարտականությունները չի կատարում, մենք էլ մի հատ արձակուրդ ենք տալիս»:

«Կամ այսօր բնականոն աշխատող մարդկանց, ովքեր բիզնես են անում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Կամ բարեհաջող առևտուր իրականացնողներին, ում շահույթներն այս իրավիճակում աճել են, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն, ապա նրանց համար աջակցության 5 փաթեթ ենք պատրաստել, ու էլի կլինեն»,-ասաց Փաշինյանը:

«եթե մեկը ֆինանսական պարտականություն ունենա ձեր նկատմամբ ու առաջարկի չկատարել այն, մինչդեռ դուք էլ ուրիշի նկատմամբ ունեք, ի՞նչ կլինի: Հեշտ եք ասում՝ եկեք ազատենք հարկերից, վարկերից, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Լո՞ւրջ եք ասում: Կներեք, բայց ըտենց ասելով չէ, խոսքի արժեքին պետք է հետևել:

Ես առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնություն անել ու ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել՝ այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով»,-զայրացած ասաց Փաշինյանը, հայտարարելով, եթե խորհրդարանն ընդունի ինքը կպաշտպանի. «10 հազար չէ, 50 հազար՝ կաժդեմու: Նստում ասում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, սա արեք: Ձե՞ռ եք առնում:

Տպավորություն է, որ դուք բաժանող եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավորին, ով բարձրացրել էր հարցը: