Օրենքը չպետք է խանգարի լրագրողների աշխատանքին. ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ

Միայն իշխանությունների տրամադրած տվյալների հրապարակումը խիստ սահմանափակող քայլ է, որը սահմանափակում է ԶԼՄ-ների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ մարտի 23-ին Հայաստանում ընդունված Վարչական և Քրեական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակում լրագրողական գործունեություն ծավալող ցանկացած կազմակերպության թույլ կտրվի կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակել միայն պաշտոնական աղբյուրից ստացվող տեղեկությունը:

Կառավարությունը դա բացատրում է բնակչության շրջանում խուճապ չտարածելու անհրաժեշտությամբ: Լրագրողներն ու խմբագիրները քննադատել են այս որոշումը` նշելով, որ չկա հստակ բնորոշում, թե որ հաղորդագրությունները կարող են խուճապ առաջացնել, որոնք` ոչ:

«Ես ամբողջովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը` խուսափել խուճապից և ագրեսիայից և պայքարել կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ: Միևնույն ժամանակ ԶԼՄ-ները պետք է վճռորոշ դեր խաղան բնակչությանը կարևոր տեղեկություններ հաղորդելու գործում և պայքարեն համավարակի վերաբերյալ կեղծ լուրերի դեմ: Օրենքը չպետք է խանգարի լրագրողների աշխատանքին և նրանց կողմից համավարակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարողությանը: Միայն իշխանությունների տրամադրած տվյալների հրապարակումը խիստ սահմանափակող քայլ է, որը սահմանափակում է ԶԼՄ-ների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը»,-հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչը հետևում է իրավիճակին ԵԱՀԿ անդամ բոլոր 57 պետություններում ԶԼՄ-ների շուրջ զարգացումներին և խթանում է այդ պետություններում լրատվամիջոցների ազատության ուղղությամբ տարվող աշխատանքներին: