Ինչու՞ է սպանել աներոջը. մանրամասներ

Սպանությունը կատարելու կասկածանքով Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին

Վաղը մարտի 19–ի սպանության գործով քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Եկմալյան փողոցի բնակիչ, 35-ամյա Գոռ Տեր-Եսայանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վերջինս կասկածվում է մարտի 19-ին նշված շենքի՝ իրեն պատկանող բնակարանում կնոջ հորը՝ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Արթուր Մարգարյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:15-ի սահմաններում և Գ. Տեր-Եսայանը իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել տան շքամուտքում բնակարանի դռան վրա և կնոջ հոր ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր: 

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և ոստիկանութան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները կարողացել են վնասազերծել զինված Գ. Տեր-Եսայանին, քանի որ բնակարանում եղել են նաև ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխաներ և չէր բացառվում, որ Գ. Տեր-Եսայանը կշարունակեր անկանոն կրակոցներ արձակել:

Նրան վնասազերծելուց և ոստիկանության կենտրոնական բաժին տեղափոխելուց հետո դեպքի վայր ժամանած քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը, առանց գործարանային համարի անհայտ տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և 23 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ դռան, հատակի ու պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների և արնանման հետքեր:

Հիշեցնենք, որ երեկ հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա: 

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել էին նույն շենքի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք: Իսկ նշված հարկում հայտնաբերվել էին ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, եւ կրակոցի արդյունքում վնասվել է նաեւ տան դուռը:

Դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի խումբը, վերջիններս հոգեբանական օգնություն էին ցուցաբերել սպանվածի տան անդամներին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչությունում), եւ նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հ. Խեդոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Հ. Արսենյանը: