«Եթե մարդը մենակ է ապրում, ինքնամեկուսանալու դեպքում ո՞վ է հաց առնելու նրա համար. ոստիկանությո՞ւնը». Մարուքյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը

Մեր մամուլում եղել է լուր, որտեղ նշվում է, որ դերասան Իդրիս էլբանը չի բացառել, որ կորոնավիրուսով է վարակվել Կանադայի առաջին տիկնոջից։ Այս լուրը պարետատան պահանջով հանվել է լրատվամիջոցի կայքից։ Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հիմա երբ ես հարց եմ տալիս, որ իրավական որոշակիության հարց կա եւ այդ հարցը կորոնավիրուսի տարածման մասին տվյալների կամ կեղծիքի հետ կապ չունի, բայց պարետատունը այդպես մեկնաբանում է եւ այդ լուրերը հանել է տալիս։ Այ ամբիոնից վարչապետը հայտարարել է, որ սահմանափակումը որեւէ քննադատության չի վերաբերում, վերաբերելու է միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկություններին։ Այստեղ որոշակիություն մտցնելու հարց կա։ Ասում եք՝ պարետատունը կասի, թե ինչ է նշանակում ինքնամեկուսանալ, կասի, թե ինչ է նշանակում կարանտինի մեջ գտնվող մարդ։ Մենք օրենք ենք ընդունում մինչեւ 5 տարի ազատազրկման սանկցիայով, եւ չենք կարող նման բազմաթիվ հարցերի տեղ թողնել։ Մի քանի հարց էլ ես ավելացնեմ. Եթե մարդը մենակ է ապրում եւ ինքնամեկուսանալու ցուցում կա, ով է հաց առնելու իր համար, ոստիկանությունը հաց է առնելու, բերի տա իրե՞ն։

Կամ ի՞նչ է նշանակում զանգվածային հիվանդացնել, դա քանի հոգու մասին է խոսքը»,-հայտարարեց Մարուքյանը։

Նա հավելեց, որ այս օրենքը չպետք է բանեցվի եւ դառնա մահանա տարբեր մամուլի միջոցներից տարբեր նյութեր հանելու համար. «Աայն պետք է վերաբերվի միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկատվությանը, ինչը եթե ճիտն ասեմ, չեմ էլ նկատել»։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում.