Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել անդրադարձել է ՀՀ Վարչական դատարանի այն վճռին, որը պարտավորեցնում է ՀՀ վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը։ Մենք կաստայացվու՞մ ենք, հարցադրում է կատարել ազգագրագետը և գրել․
«Տխուր է, որ վարչապետի աշխատակազմը հակված էր անօրինականության՝ թաքցնել պետական ծառայողների պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» նշագրում պարունակող որոշումը: Տխուր է, որ առհասարակ այդպիսի մի որոշում կարող է «գաղտնի» նշագրում պարունակել:
Հիշեցնեմ, որ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի Հոդված 2-ով՝ «Պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը» հետևյալն է.
Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար:
Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են ՀՀ սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
Պետական ծառայողների վճարներն այս ցանկից որի՞ն են համապատասխանում՝ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների գաղտնի տեղեկություննե՞ր են: Հիմա ստացվում է այնպես, որ Գաղտնի նշագրմամբ պարգևատրում ստացող պետական ծառայողները բոլորը միասին կամ նրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին պարգևատրում ստանալու փաստով ՀՀ անվտանգության համար ծանր հետևանքներ առաջացնող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի մեջ են ներառվում: Այստեղի՞ց չի բխում, արդյոք, որ նրանց ճամփորդությունները պիտի սահմանափակվեն:
Ծանր, շատ ծանր է պարգևավճարումների փաստով պետական ծառայողական գաղտնիքով փոխկապակցված անձանց վիճակը: Այդ վիճակում հայտնված մարդկանց մխիթարելու համար, հավանաբար, պետք է սպասել, որ առաջիկայում ունենալու ենք պետական ծառայողներին սպասարկող ուտելիքի, հագուստի, կահավորանքի գաղտնի պահեստներ, գաղտնի խանութներ, գաղտնի ավիափոխադրումներ, գաղտնի հաշվապահություն ևն: Հենց այսպես էլ կաստայացվում են հասարակությունները»:
Նշենք, որ ՀՀ Վարչական դատարանը օրեր առաջ վճռել է բավարարել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի աշխատակազմի՝ պարտավորեցնելով Վարչապետի աշխատակազմին տրամադրել նախարարների, նախարարների տեղակալների, նախարարությունների գլխավոր քարտուղարների և մարզպետների՝ պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը։
0Comments