Լեհաստանում 13 մարդ առողջացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո

Ավելի քան 500 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով, մի քանի հազար մարդ տնային կարանտինի մեջ է գտնվում

Լեհաստանում 13 մարդ առողջացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո, շաբաթ օրը Վարշավայում լրագրողներին հայտնել է Լեհաստանի գլխավոր սանիտարական տեսուչ Յարոսլավ Պինկասը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Վերջին տվյալներով՝ Լեհաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 93 դեպք, երկու մարդ մահացել է։ Ավելի քան 500 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով, մի քանի հազար մարդ տնային կարանտինի մեջ է գտնվում։ Առաջին վարակվածի մասին Լեհաստանում գրանցվել է մարտի 4-ին։

«Մենք ենթադրում էինք, որ մինչեւ շաբաթվա վերջը մոտ հարյուր դեպք կունենանք։ Մենք օրական մոտ 1500 թեսթ ենք անում։ Մենք 13 առողջացած ունենք։ Սա լավ տեղեկատվություն է»,- ասել է Պինկասը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել։ Աշխարհում վարակվել է արդեն ավելի քան 130 000 մարդ՝ 120 երկրներում։ Նրանց մեծ մասը առողջացել է, սակայն 5000 մարդ մահացել է։