Մինչև ապրիլի 17-ը Թուրքիան փակել է մուտքը 14 երկրի քաղաքացիների համար

Տվյալ երկրների քաղաքացիներից բացի արգելքը տարածվում է նաև երրորդ երկրների քաղաքացիների վրա, որոնք վերջին 14 օրում եղել են այդ երկրներում

Թուրքիան երկիր մուտք գործելու արգելք է սահմանել 14 երկրի քաղաքացիների համար՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին, մարտի 14-ից Թուրքիան արգելք է սահմանել 14 երկրում գտնվող անձանց համար: Արգելքը կգործի մինչև ապրիլի 17-ը: Տվյալ երկրների քաղաքացիներից բացի արգելքը տարածվում է նաև երրորդ երկրների քաղաքացիների վրա, որոնք վերջին 14 օրում եղել են այդ երկրներում:

Թուրքիան փետրվարի 3-ից դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ, այնուհետև Իրանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Իտալիայի հետ, իսկ մարտի 14-ից՝ Գերմանիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Դանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Նիդեռլանդների հետ:

Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանությունները հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: