Վստահ եղեք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի մեկին անձամբ շնորհավորելու է ինձ որպես նախագահ. Վիտալի Բալասանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք լինելու ենք ՀՀ իշխանությունների համար զսպօղակ

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան այսօր քարոզարշավ է իրականացրել Հադրութի շրջանում: Դրախտիկ համայնքում բնակիչներից մեկը Վիտալի Բալասանյանից հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում ինչպես է աշխատելու ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի հետ, եթե իրենց հարաբերությունները լարված են և ըստ շրջանառվող լուրերի Վիտալի Բալասանյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ՀՀ–ում հեղափոխությունից հետո:

Վիտալի Բալասանյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու օրենքների, սահմանադրության շրջանակում:

«Նիկոլ Փաշինյանի հետ իրար ավելի քան 25 տարի ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանի 7 պորտը գիտեմ: Գիտեմ՝ ինչով է զբաղվել, ինչ աշխատանքներ է կատարել, ինչպիսի քաղաքական հայացքներ ուներ ժամանակին, երբ պատգամավոր էր, երբ «Օրագիր» թերթի լրագրող էր, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, բազմաթիվ անգամ հանդիպումներ ենք ունեցել, մանավանդ ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին: Ես՝ անձամբ անձնական որևէ վատ հարաբերությունների մեջ չեմ, չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչպիսին է ինձ տեսնում՝ որպես անձնական թշնամի, թե՞ որպես այլ կարծիք հայտնող: Ես հայտնում եմ իմ մոտեցումը իմ վերաբերմունքը ենթադրություններով չեմ առաջնորդվում»,-ասաց նա:

Վիտալի Բալասանյանը հիշեցրեց, իր կարծիքը, որը, մասնավորապես, հայտնել է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հոդվածների վերաբերյալ և ասել է, որ  կգա ժամանակը դրանք ծիծաղելի կլինեն:

Վիտալի Բալասանյանն ասաց նաև, որ առերես ասել է, որ Դուշանբեում եղել է գաղտնի պայմանավորվածություն, որն ի չիք է դարձրել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

«Վստահ եղեք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի մեկին անձամբ շնորհավորելու է ինձ որպես նախագահ և ավելին ասեմ՝ մենք լինելու ենք զսպօղակը, որպեսզի ՀՀ իշխանությունները կարողանան ներսում, թե դրսում կատարվող իրադարձություններից դուրս գան»,-ասաց նա:

Վիտալի Բալասանյանն ասաց, որ ինքը առաջարկում է դերերի բաշխում՝  ինչով են զբաղվելու ՀՀ և ԱՀ ռազամական, քաղաքական ղեկավարությունները: