ՀՀ սահամանին հակառակորդի կողմից իրականացվող սադրանքների, ԱՀ-ում սպասվելիք նախագահական ընտրությունների վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ:
-Պարոն Բալասանյան նախ ինչպես կգնահատենք քարոզարշավի ընթացքը: Քարոզարշավի ընթացքում խոսում էիք ընտրակաշառքի փորձերի, դրածո թեկնածուների վերաբերյալ: Փակագծերը կբացե՞ք, ում նկատի ունեք:
-Երևույթները միանշանակ կա, ժամանակը կգա փակագծերը կբացենք բաց տեքստով: Հանդիպումների ժամանակ մենք հնչեցրել ենք ԱՀ նախագահի մոտ, խոստացել է հանձնարական տալ համապատասխան կառույցների ղեկավարներին: Մենք կսպասենք ևս մի քանի օր և կբարձրացնենք կատարված երևույթների մասին:
Հանրապետության նախագահը բազմիցս հայտարարություններ է արել, որ լինելու ազատ, արդար անչառ ընտրություններ, որի համար մեկ պատասխանատուն, ըստ սահմանադրության, երկրի նախագահն է:
-Ձեր շանսերը բարձր եք գնահատում, այսօր վստահություն էիք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին Ձեզ շնորհավորելու է, ինչից ելնելով եք նման վստահություն հայտնում:
-Մեր համախոհներից, հանդիպումներից, հարցումներից: Պարզ երևում է, որ մեր քարոզարշավը, բարձրացրած թեմաներն են շատ կարևոր: Մեր երկրի, մեր ժողովրդի ավելի քան կարևոր է անվտանգության հարցը: Համոզված եմ և վստահ եմ, որ ժողովուրդն իր քվեն կտա իր համար դրա համար մեկ երաշխավորին:
-Դուք քարոզարշավի ընթացքում ասացիք, որ ՌԴ-ն, Իրանը Ձեր ընտրվելու պարագայում պայմանագրեր կկնքեն, քննարկումներ են ընթացել: Ի՞նչ պայմանագրերի մասին է խոսքը: Հիշեցնեմ, որ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էլ հայտարարել էր, որ ՌԴ-ից իրեն զանգել են, խնդրել որ Ձեզ աջակցի: Ինչ կասեք այս հարցերի վերաբերյալ, արդյո՞ք ունեք ՌԴ աջակցությունը, առհասարակ, այս գործընթացների հետ ինչ կապ ունի Ռուսաստանը:
-Միանշանակ ասեմ՝ Ռուսաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր ներքաղաքական հարցերով չեն միջամտելու: Կարող եմ ասել այն, որ դեռ 2019թ. ամռանը ես հանդիպումներ եմ ունեցել նշված պետությունների բարձրաստիճան, պաշտոնատար անձանց հետ: Ունենք թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բանավոր պայմանավորվածություններ և վստահ եմ՝ իմ ընտրվելուց հետո մենք կկարողանանք դրանք կյանքի կոչել:
-Սամվել Բաբայանի հայտարարության վերաբերյալ ի՞նչ կասեք:
-Ես որևէ մեկի հայտարարությունները չեմ ուզում մեկնաբանել: Կգա ժամանակը, դրան թե՛ դրական, թե՛ բացասական գնահատական կտամ: Ընդհանրապես տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, ժամանակին այդ նույն մարդը խոսում էր ռուսական մանդատի մասին: Ես որևէ մեկի անհատական աջակցության կարիքը չունեմ, ես իմ ժողովրդի աջակցության կարիքն ունեմ, որին պաշտպաններից մեկն եմ եղել և շարունակելու եմ պաշտպանել: Ես երաշխավոր եմ կանգնելու իմ ժողովրդի անվտանգությանը:
-Հակառակորդն ակտիվացել է ՀՀ սահմանների ուղղությամբ, երեկ մենք զոհ ենք ունեցել, օրերս նաև դիվերսիոն ներթափանցման փորձ էր եղել: Ձեր կարծիքով ինչո՞ւ է մարտավարությունը փոխել:
Մարտավարությունը ժամանակ առ ժամանակ փոխում է, բայց ասեմ ավելին՝ ՀՀ իշխանության վարած սխալ քաղաքականության արդյունքն է: Այն, ինչ մենք վերջերս լսեցինք, ոչ թե մասնակիցը եղանք, տեսանք՝ ինչպիսի քաղաքականություն է վարում ՀՀ քաղաքական իշխանությունը: Ժամանակին խոսում էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ԱՀ-ն վերականգնվի բանակցային գործընթացում, դրանից հետո Դուշանբեի «վերելակային դիվանագիտությունը» եղավ, այնուհետև, Բարտիսլավայում հնչեցրած հայտարարությունները, երբ խոսում են Ղարաբաղի «ադրբեջանական» համայնքի մասին, այնուհետև արտաքին գործերի նախարարը օգտագործում է «Ղարաբաղի ներկայացուցիչ» տերմինը, այնուհետև, Աննա Նաղդալյանը խոսում է, որ Արցախում մարտի 31-ին տեղի է ունենալու «Արցախի ժողովրդի ներկայացուցչի ընտրություն»: Այս բոլորը բերում է նրան, որ ՀՀ-ն շատ վտանգավոր խաղերի մեջ է ներքաշել իրեն՝ Բրտիսլավա, Ժնև, Մյունխեն: Մենք բոլորս տեսանք, թե ինչի մասին է խոսքը, ես բարձրաձայնել եմ՝ համատեղ բնակավայրի մասին է խոսքը: Փակագծերը լրիվ չեմ բացի, ժամանակ եմ տվել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններին, որպեսզի ձեռնպահ մնան այն փաստաթղթերից, մանավանդ, որոնք քննարկվել են Ժնևում և Մյունխենում:
0Comments