Գեղեցկություն փնտրիր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Երկար նայեք ծաղկին, մինչև որ նրա գեղեցկությունը տեղ գտնի ձեր հոգու մեջ

z

Մարտի 11

Գեղեցկություն քաղիր ամեն մի ծաղկից, ուրախություն՝ թռչունների երգից ու ծաղիկների գույներից: Ներշնչիր գեղեցկությունը օդի ու գույնի: Երբ Ես ցանկացա Գեղեցիկ Մտածում արտահայտել, սքանչելի ծաղիկը ստեղծեցի: Այս արդեն ասել եմ քեզ, մտածիր:

Երբ Ես ցանկանում եմ ներկայացնել մարդկանց, թե ինչպիսին եմ Ես և ինչպիսին է Իմ Հայրը՝ աշխատում եմ ստեղծել շատ գեղեցիկ նկարագիր:

Ինչպես որ գեղեցիկ ծաղիկն է Իմ Մտածումի պարզ արտահայտությունը, այդպես էլ դուք ընդունեք ձեզ իբրև արտահայտությունը Իմ հատկությունների, այդ ժամանակ դուք կջանաք արդեն ձեր կարողության չափով լավագույն արտահայտությունը լինել ամեն ինչի մեջ. Հոգևոր Կյանքի, Գեղեցկության, Մտածումի, Ուժի և թե հագնվելու մեջ:

Ըմբոշխնեք, ներս առեք գեղեցկությունը, երբ ծաղկի կամ ծառի գեղեցկությունը տպավորություն թողնի ձեր հոգու վրա, այդ գեղեցկությունն անմիջապես պատկեր կթողնի այնտեղ, որը այնուհետև, անշուշտ, կարտահայտվի ձեր գործերի մեջ: Իմացեք, որ ոչ երկրային հոգսերը ու ոչ էլ տառապագին մտածումները չկարողացան խանգարել Ինձ՝ տեսնելու ծաղիկների գեղեցկությունը:

Ձեր շուրջը դարձող այս աշխարհի մեջ գեղեցկությունն ու ուրախությունը միշտ փնտրեք: Երկար նայեք ծաղկին, մինչև որ նրա գեղեցկությունը տեղ գտնի ձեր հոգու մեջ: Այն ձեր կողմից հետ կտրվի աշխարհին՝ ուրախ ժպիտի, բարի խոսքի, ազնիվ մտածումի կամ գեղեցիկ աղոթքի տեսքով:

Հայացքով հետևեք թռչունին: Նրա երգը ընդունեք իբրև գեղեցիկ պատգամ՝ առաքված Իմ Հորից: Թող այդ երգը թափանցի մինչև ձեր հոգու խորքը: Այդ նույնպես աշխարհին պիտի վերադարձվի՝ ասվածի պես: Ժպտացեք, ավելի հաճախ ժպտացեք: Ավելի շատ սիրեք: Ես ձեզ հետ եմ: Ես ձեր Տերն եմ: