Իսկ գուցե շնորհակա՞լ լինենք Փաշինյանին, որ արևն առավոտյան շողում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Փաշինյանը ծրարներ է ստացել և կաշկանդված է մինչև վերջ բացահայտել նախկինների տված ծրարներով գումարները». Սամսոնյան

«Հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետը պատռած աղջկան փնտրում ենք, որպեսզի նրան հանձնենք «Խիզախ կին» մրցանակը, որովհետև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ պողոսների անձնագրերի համատարած բաժանման ֆոնին եղավ մեկը, որը խիզախորեն արտահայտեց իր դիրքորոշումը։ Ուզում եմ նաև շեշտել, որ մեզ համար խիզախ կինը նա է և ոչ թե, ասենք, երեխային լքած այն կինը, որն օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստացավ մրցանակ»,- այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ չի հասկանում, թե ինչո՞վ է պայմանավորված այս միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանի այն գրառումը, թե այդ աղջկան «անզգույշ չեն քաշքշելու զուգարանում, աշխատանքից չեն ազատելու, և նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով»։

«Իսկ միգուցե մենք շնորհակալ լինենք Նիկոլ Փաշինյանի՞ն, որ արևն առավոտյան շողում է, կամ, որ արթնանում և հետո երեկոյան քնում ենք։ Այն, ինչ տեղի ունեցավ, շատ նորմալ երևույթ է և բնորոշ է ոչ միայն ժողովրդավարական, այլ նաև ոչ այդպիսի երկրներին»,- ասաց Սամսոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ Փաշինյանի գրառումը՝ մետրոյում տեղի ունեցածի վերաբերյալ, աբսուրդ է, որովհետև, եթե նախկին իշխանությունների կողմից իրականացվեին որոշակի գործողություններ, ապա Փաշինյանը Հանրային ռադիոյի շենքը գրավելու օրն իսկույնևեթ պետք է հայտնվեր Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։

«Եթե ես լինեի նախկին իշխանության ղեկավարը, հենց այդ նույն օրը Փաշինյանին կուղարկեի Նաիրի Հունանյանի խուց. ինչո՞ւ Հունանյանի, որովհետև Փաշինյանը նրանից անընդհատ նամակներ է ստանում, և դեռ չգիտենք, թե ե՞րբ դրանց ընթացք կտրվի»,- ասաց Սամսոնյանը՝ նախկին իշխանությանը մեղադրելով թույլ լինելու մեջ։

Ժամանակին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհ և նրա հետ բողոքի ակցիաներ իրականացրած Սամսոնյանը վստահեցնում է՝ թեև նախկին իշխանության օրոք ընդդիմադիրների նկատմամբ եղել են բազմաթիվ ճնշումներ, սակայն այն, ինչ այսօր է տեղի ունենում, մի քանի անգամ ավելի շատ է և ունի այլ որակ։

«Ժամանակին, օրինակ, Նիկոլ Փաշինյանի վրա քրեական գործ չէին հարուցում չտված ցուցմունքի վրա, հիմա ինձ վրա հարուցում են, ժամանակին նրանից ստորագրություն չէին վերցնում քաղաքից չհեռանալու մասին, ինձանից վերցրել են, ժամանակին Փաշինյանի հորը չէին խոչընդոտի, որ բուժման համար երկրից դուրս գնա, հիմա բուժման նպատակով երկրից դուրս գալ ցանկացող Արթուր Դանիելյանի հորը խոչընդոտել են զուտ այն պատճառով, որ նա Դանիելյանի հայրն է։

Այն ժամանակ չէին մտնի քրեական հեղինակության կամ այլ մեկի տուն այնպես, ինչպես մտան օրերս։ Ի դեպ, մտան այն մարդու տուն, որը Փաշինյանին բանտում փրկել է։ Հայաստանում նման բաներ նախկինում չեն եղել։ Որևէ մեկը որևէ մեկին չի համեմատել Նաիրի Հունանյանի հետ։ Նախկինում, պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին համեմատեր Հունանյանի հետ, ինչ կստացվեր։ Հիմա հետապնդումների մակարդակն է այլ ու շատ ցածրորակ։

Հիշեք՝ երբ Սերժ Սարգսյանի դեմ քարոզչություն էր անում Սեյրան Օհանյանը ՕՐՕ դաշինքով, արդյոք Սերժ Սարգսյանը գոնե մեկ անգամ Օհանյանի անցած ուղին կասկածի տակ դրե՞ց, չարեց նման բան, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ լինելով դասալիք, ինչե՞ր է ասել Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի և այլ գեներալների մասին։ Այ սա է նախկինների և ներկաների արժեհամակարգերի տարբերությունը»,- ասաց Սամսոնյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարին՝ Սամսոնյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ չի կարող գնալ իր մատնանշած գործարքների բացահայտմանը, որովհետև ինքն այդ գործարքների մի մասն է կազմել։

«Հիմա իմ հայտարարությունը կարող է ՀՔԾ-ին ստիպել ինձ վրա ևս մեկ գործ հարուցել, ուստի կհորդորեմ հարուցել։ Եվ այսպես՝ Նիկոլ Փաշինյանը կաշկանդված է բացահայտելու նախկինների կողմից ծրարներով տրված գումարների դեպքերը, որովհետև ինքն էլ է այդ ծրարներից օգտվել։ Մենք չենք օգտվել և չենք օգտվում իշխանական ծրարներից, ուստի, երբ կլինի իշխանափոխություն, հաջորդ իշխանությունը կաշկանդված չի լինի բացահայտել թե՛ նախկինների ստացած ծրարները, թե՛ Փաշինյանի ստացած գումարները, որոնք Տիգրան Ավինյանի միջոցով ստանում է օլիգարխներից»,- ասաց Սամսոնյանը։

Խոսելով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի մասին՝ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավարը հավաստիացրեց, որ իշխանությունն առանց ընտրակեղծարարության չի կարող հաղթանակ տանել, քանի որ վարչապետ Փաշինանի վարկանիշը կտրուկ նվազել է։

«Տեսե՛ք, նա Մեղրիում էր այսօր քարոզարշավ իրականացնում, հավաքվել էր ավելի քան 200 մարդ։ Թեև այսօրվանից Նիկոլ Փաշինյանը լծվել է ակտիվ քարոզարշավին և ուղղաթիռով հասել Սյունիք, սակայն պարզվում է, որ Մեղրիում հավաքվել է ընդամենը 200 հոգի, որոնք չգիտեն, թե ինչո՞ւ պետք է գնան ընտրատեղամասեր և «Այո» ասեն հանրաքվեին։ Մարդիկ տեղյակ չեն, թե ի՞նչ են ուզում հիմա իրենցից, հարցնում են՝ այ մարդ, այդ նախկինները չպրծա՞ն… ուստի հիմա իշխանությունը դիմում է այն մեթոդներին, որոնց դիմում էին հանրապետականները։ Բացի այդ, հիմա քրեական գործեր են հարուցվել գյուղապետների վրա, ասել են՝ գործը կկարենք, եթե այսքան ձայն չբերեք»,- ասաց Սամսոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում