Սահմանադրական հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էջմիածնի քաղաքապետի գրառումը խնդրահարույց է «Հանրաքվեի մասին» օրենքի տեսանկյունից
Այսօր Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ «վաղը լինելու է Չարենցի այգում՝ էջմիածնեցիների հետ հանդիպելու, նրանց հուզող խնդիրները քննարկելու և հանրաքվեին վերաբերող հարցերին պատասխանելու նպատակով», ավելացնելով, որ շրջելու է շենքերի բակերով և բնակիչներին հանձնի ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրեր։
Դիանա Գասպարյանի գրառումը խնդրահարույց է օրենքի՝ հանրաքվեի քարոզարշավը կանոնակարգող պահանջների տեսանկյունից։
Նախ, Դիանա Գասպարյանը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, բնակիչներին հրավիրում է իր՝ Էջմիածնի քաղաքապետի հետ հանդիպման բնակիչներին հուզող խնդիրները քննարկելու համար։ Բնակիչները, բնակաբանար, կցանկանան իրենց խնդիրները ներկայացնել գործող քաղաքապետին։
Երկրորդ` գրառումից ակնհայտ է դառնում, որ Գասպարյանը պատրաստվում է բնակիչների հետ քննարկել նրանց խնդիրները, ինչը կրկին կարող է անել միայն քաղաքապետի կարգավիճակում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու կարգավիճակը։
Եվ երրորդ` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով բնակիչներին իր հետ հանդիպման հրավիրելով՝ Գասպարյանը պատրաստվում է միաժամանակ քարոզչություն իրականացնել՝ բակերով շրջելով և քարոզչական նյութեր բաժանելով։
Մինչդեռ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետով արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել «ի պաշտոնե հանդես գալիս»։
Կոչ եմ անում Դիանա Գասպարյանին պահպանել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջները և ի պաշտոնե հանդես գալիս չիրականացնել քարոզչություն, իսկ քարոզչություն իրականացնելիս հանդես չգալ ի պաշտոնե»։
0Comments