Բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելելու օրենքից հետո, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցում: Այս խնդրի մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:«Վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանի գովազդային շուկան սկսեց ցնցվել՝ ինչ-որ պատճառով կամ առանց պատճառի, ավելի շուտ առանց պատճառի: Ցնցումը պայմանավորված է նրանով, որ ԱԺ որոշ երիտասարդ պատգամավորներ, որոնք զբաղեցրել են իրենց բարձր պաշտոնները, փորձում են քայլեր անել ինչ-որ բան փոխելու այս երկրում, լուծել որոշ սոցիալ-տնտեսական հարցեր: Բայց չգիտես ինչու այդ սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը տանում է միայն մեկ ուղղությամբ՝ արգելել այս կամ այն գովազդը ռադիոյում կամ հեռուստատեսությամբ»,- ասաց Շուշանիկ Արևշատյանը:
Նախորդ տարվա նոյեմբերին խորհրդարանում քննարկումներ էին ծավալվել բուքմեյքերական ընկերությունների գործունեության հետ կապված: Ըստ օրենքը հեղինակած պատգամավորների՝ հեռուստատեսությունում և ռադիոյում բուքմեյքերական գովազդներ շատ էին, ինչն էլ նպաստում էր խաղացողների թվի աճին:
«Այո, սրա հետ համաձայն եմ, մեծ քանակի գովազդ էր ռադիոյում և հեռուստատեսությունում: Մեզ արգելել են այդ գովազդը: Երկար վիճաբանությունից հետո թողեցին ինչ-որ գովազդային ժամանակ ռադիոյում և հեռսուստատեսությունում՝ 3 րոպե գովազդ յուրաքանչյուր բուքմեյքերի դեպքում, և կարծես աղմուկը դադարեց: Բայց խաղացողների թիվը դրանից ոչ թե նվազեց, այլ ավելացավ: Բուքմեյքերական գովազդները մեծամասամբ տեղափոխվեցին ինտերնետ հարթակ: Այստեղ գործում են օֆշորներում գրանցված ընկերություններ, և այդ գովադային բիզնեսի գումարները գնում են Հայաստանից հեռու-հեռու երկրներ»,- նշեց նա:
«Ռադիո Վանի» տնօրենի խոսքով՝ եթե կարելի էր համաձայնել բուքմեյքերական գովազդների սահմանափակման հետ, ապա անտրամաբանական է վարկային կազմակերպությունների գովազդների արգելքը:
«Այս տարվա սկզբին պարոն Արտակ Մանուկյանը, ինչպես պարզվեց ԱԺ պատգամավոր, արթնացավ և որոշեց միանգամից լուծել մեկ այլ սոցիալ-տնտեսական խնդիր՝ վարկային կազմակերպությունների և բանկերի գովազդների հարցը, որոնք ինչ-որ տոկոսներով վարկ են տրամադրում: Որոշեց լուծել այս հարցը և ոչ այլ կերպ, քան գովազդի արգելքով: Այսինքն` չի լինի վարկային կազմակերպությունների, բանկերի գովազդ, չի լինի խնդիր՝ «չկա մարդ, չկա խնդիր»: Բայց խնդիրը մնում է, խնդիրը լիովին այլ հարթությունում է»,- ասաց նա:
Շուշանիկ Արևշատյանի փոխանցմամբ՝ օրինագծով նախատեսվում է արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով և համացանցում:
«Թե ինչու Արտակ Մանուկյանը հանկարծ վատ երազում տեսավ և որոշեց փակել վարկային կազմակերպությունների գովազդը Հայաստանի գովազդային շուկայում, հիմնավորումը պարզ է՝ մարդիկ ընկնում են մեծ վարկերի տակ, վարկային կազմակերպությունները բարեխիղճ չեն կատարում իրենց պարտավորությունները, խաբում են մարդկանց: Պարո՛ն Մանուկյան, արթնացե՛ք, ի՞նչ կապ ունի այստեղ գովազդը, այն կատարում է լիովին այլ գործառույթ: Եթե դրա մասին չգիտեք, եկեք մեզ մոտ մաստեր-կլասի, մենք 2 ժամում ձեզ կպատմենք՝ ինչ է գովազդ, ինչպիսին է դրա ազդեցությունը և որն է ընդհանրապես գովազդի գործառույթը»,- նշեց ռադիոընկերության տնօրենը:
Նրա կարծիքով՝ վարկային կազմակերպությունների կողմից բնակչությանը բարձր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու խնդրի հարցում գովազդների արգելքը վերջին օղակն է:
«Եթե դուք ուզում եք օգնել ժողովրդին, ապա դուք ճիշտ տեղից չեք սկսել, խնդիրը գովազդը չէ: Դուք լուծում եմ Հայաստանի բնակչության ահռելի ֆինանսական խնդիրը գովազդի վրա արգելք դնելո՞վ: Դուք այնքան թույլ եք, որ չեք կարող ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի միջոցով ազդել վարկային կազմակերպությունների վրա, որոնք տրամադրում են անբարեխիղճ, ինչպես ձեզ է թվում, գովազդ և տոկոսադրույքների հարցում խաբում են ժողովրդին: Եվ որոշում եք ուղղակի փակել գովազդը հեռուստատեսությամբ և ռադիոյով, իսկ ամեն քայլափոխի, բոլոր սուպերմարկետներում թողնել այդ վարկային կազմակերպությունները: Սա նորմա՞լ երևույթ է»,- ասաց Շուշանիկ Արևշատյանը:
«Ռադիո Վանի» տնօրենը նաև հարց է բարձրացնում, թե ինչու մինչև օրինագծի ներկայացումը քննարկումներ չեն անցկացվել հեռուստառադիոընկերությունների հետ:
«Ես ուզում եմ հասկանալ՝ դուք ի՞նչ նպատակ եք հետապնդում, ձեր խնդիրը ո՞րն է: Ուզում եք փակե՞լ զլմ-ները, ուզում եք դատարկե՞լ մեր գրպանները, փակե՞նք աշխատատեղերը, դադարե՞նք հարկեր վճարել: Դուք արդեն մեզ հոգնեցրել եք, հանգիստ թողեք մեզ, թողեք հանգիստ ապրենք և աշխատենք: Մենք աջակցել ենք հեղափոխությանը, բայց չէինք ուզում, որ լիներ այսպիսի արդյունք: Եթե դատարկագլուխ մարդիկ նստած են խորհրդարանում և չեն հասկանում այն օրենքները, որն իրենք էլ մտածում են, ինքներդ ձեզ մեղադրեք»,- նշեց Շուշանիկ Արևշատյանը:
0Comments