Կորոնավիրուսի կասկածով Կապանում ևս մի քանի քաղաքացիներ են հոսպիտալացվել

Զգուշություն՝ անկախ օրգանիզմի բարձր դիմադրողականությունից

Զգուշություն՝ անկախ օրգանիզմի բարձր դիմադրողականությունից։

Մինչ այս գրեթե բոլորիս համար անծանոթ համարվող Կորոնավիրուսները (COVID-19), որոնց գոյության մասին քչերն էին լսել, այսօր դարձել են բոլորի քննարկման առարկան և անհանգստության առիթը։

Պատճառը հանդիսանում է 2019թ.֊ի վերջին՝ Ուհանում բռնկված թոքաբորբի համաճարակի ընթացքում հիվանդներից մեկի մոտ հայտնաբերված միաշղթա վիրուսը, որը մինչ այդ առաջին անգամ հայտնաբերվել էր 1965թ.-ին սուր թոքաբորբով հիվանդի մոտ։

Հիվանդությունը կարող է տարածվել ինչպես մարդկանց, այնպես էլ որոշ կենդանիների մոտ, այդ իսկ պատճառով այն համարվում է զոոանթրոպոնոզ ինֆեկցիա։

Փոխանցվում է ֆեկալ֊օրալ ճանապարհով, փոքր կաթիլներներով, հազի, փռշտոցի և նույնիսկ շնչելու հետևանքով, ինֆեկցված անձից՝ ընկալունակ օրգանիզմին։ Ձեռքերի ճիշտ և հաճախակի լվացումը և հիվանդներից հեռավորության պահպանումը կարող են կանխել հիվանդության տարածումը։

Վարակված անձանց մոտ գաղտնի շրջանի տևողության համաձայն, 2֊14 օր կարող են չլինել ախտանշաններ։ Դրանք նման են թոքաբորբի և այլ սուր շնչառական հիվանդությունների ախտանշաններին, այդ իսկ պատճառով ախտորոշելը առանց թեստերի կիրառման անհնար է։ Կարող է լինել հազ, տենդ, հևոց, կոկորդի ցավ, քթահոսություն և փռշտոց։

Պետք է զգոն լինել և դիմել բժշկի թեկուզ թեթևակի կասկածների դեպքում, մտածելով թե՛ Ձեր,և թե՛ Ձեր շրջապատի առողջության պահպանման մասին։ Տնային պայմաններում բուժումը ցանկալի չէ,այն էլ այժմ,երբ ՀՀ֊ում հաստատվել է հիվանդության առկայությունը։

Բուժման համար կոնկրետ դեղամիջոցներ և վակցինաներ դեռևս չեն հայտնաբերվել, դրա համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ, սակայն այժմ Չինաստանում և շատ այլ երկրներում կատարվում են սատարող թերապիաներ և կիրառվում որոշակի դեղամիջոցներ, որոնք ունեն բարձր էֆեկտիվություն։

Արդյունքը ապաքինված անձանց թվի օր-օրի ավելացումն է։

Ի ուրախություն մեզ և ըստ նախնական տվյալների՝ Հայաստանում հիվանդության ընդամենը 1 հաստատված դեպք ունենք, սակայն որը կարող էր նաև չլինել։

Հարց է առաջանում. Ինչպե՞ս է վիրուսը հասել ՀՀ, եթե ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հավաստիացված տվյալների փակված էին բոլոր հարևան պետությունների հետ սահմանները և տարվում էր խիստ հսկողություն ՀՀ ժամանած քաղաքացիների նկատմամբ։

Ինչո՞ւ չեն մեկուսացվել անձինք գաղտնի շրջանի ժամկետների համաձայն, որպեսզի խուսափեինք նման հետևանքներից։

Ըստ իս սա մեծ բացթողում է թե՛ աշխատակիցների կողմից, ովքեր վերահսկել են հիվանդների հայտնաբերման և մեկուսացման գործընթացը, և թե՛ հենց նախարարի կողմից, ով այսպիսի իրավիճակում ոչ ճիշտ մեթոդներ է կիրառության մեջ մցրել, և որն էլ առաջացրել է քաղաքացիների մոտ հոգեկան լարվածություն ու անհանգստության զգացում այն դեպքում, երբ հնարավորություն կար ամենը կանխելու։

Հայտնի է նաև որ Կապանում հոսպիտալացվել են ևս մի քանի քաղաքացիներ վիրուսի կասկածով։

Եվ ի՞նչ կլինի, եթե նրանց մոտ նույնպես հաստատվի Կորոնավիրուսի առկայությունը։

Խուճապ,և ոչ միայն։

Հուսամ,որ զերծ կմնանք պարոն Թորոսյանի անուշադրության հետևանքով հիվանդության կանխատեսվող տարածումից և մի շարք այլ հետևանքներից, որոնք կառաջանան ոչ միայն բժշկական հարթակում։

Առողջ եղեք։


Միլենա Օրդակյան
Առաջինը Հայաստան նախաձեռնող խմբի անդամ