Նավթային Ադրբեջանը տուժելու է գների կտրուկ անկման հետևանքով. Անդրանիկ Թևանյան

Վիրուսն, ի դեպ, կարող է այնպես փլուզել տուրիզմի, ավիափոխադրումների, վառելիքի, սննդի և այլ շուկաները, որ 2008-2009թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամը փոքրիկ ցնցում կարող է թվալ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումները որպես կանոն զուգահեռվում են քաղաքական կտրուկ տատանումներով։

Այսօր այդ կտրուկ տատանումն արձանագրվել է։ 1 բարելի դիմաց «բրենտ» տեսակի նավթի գինը միանգամից իջել է 14 դոլարով։ Պատճառն այն է, որ ՕՊԵԿ–ի անդամ երկրները ընդհանուր հայտարարի չեն եկել նավթի արդյունահանումը կրճատելու հարցում։ Իսկ դա նշանակում է, որ առաջարկի ծավալը մեծ է լինելու, ինչն էլ շուկայական օրենքներով հանգեցրել է գնի անկման։ Ֆյուչերսային գործարքները կնքվում են այն հաշվարկով, որ գինն ընկնելու է, ինչն էլ իր հերթին բերում է որոշակի խուճապի ու գնի է՛լ ավելի անկման։

Նավթի գնի անկման արդյունքում, օրինակ, ռուբլին դոլարի ու եվրոյի համեմատ արժեզրկվել է։ ՌԴ–ն տարբեր հաշվարկներով օրական 100–ից 150 միլիոն դոլար կարող է կորցնել նավթի գների այսպիսի կտրուկ իջեցման պատճառով։

Կանխատեսվում է, որ նավթի գինը կարող է իջնել մինչև 20 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Ռուսական ռուբլու թուլացումը և ՌԴ տնտեսության ստանալիք հարվածներն ազդելու են մեր տնտեսության վրա նախևառաջ այն պատճառով, որ մասնավոր դրամական փոխանցումները, կամ ավելի պարզ լեզվով ասած՝ խոպանչիների ուղարկած փողերը հիմնականում Ռուսաստանից են։

Նավթի գինը մեզ այլ առումով էլ պետք է հետաքրքրի։ Նավթային Ադրբեջանը տուժելու է գների կտրուկ անկման հետևանքով, բայց դա չպետք է մեզ թուլանալու և ուրախանալու առիթ տա։ Ճիշտ հակառակը՝ նավթային ասեղի վրա նստած Ադրբեջանը կարող է ագրեսիվանալ գների անկման հետևանքով։ Պետք է, հետևաբար, ավելացնել զգոնությունը։

Եվ այսպես, համաշխարհային տուրբուլենտության նոր փուլ ենք մտնում։ Նաև կորոնավիրուսի գործոնը հաշվի առնելով։ Վիրուսն, ի դեպ, կարող է այնպես փլուզել տուրիզմի, ավիափոխադրումների, վառելիքի, սննդի և այլ շուկաները, որ 2008-2009թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամը փոքրիկ ցնցում կարող է թվալ»։