Եթե ավելի սրվի՝ կարելի է դիտարկել հանրաքվեի հետաձգման պրոցեսը

Այն երիտասարդը, որը վարակվել էր և որն այս պահին գտնվում է առողջացման փուլում՝  նույնպես բարի մարդ է

«Դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, քանի որ դեռ մեկ ամիս կա և չգիտենք, թե ինչ ընթացք կստանա վիրուսի տարածումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ եթե զգան, որ ռիսկը վերահսկելի է, կարելի է հանարքվեն չհետաձգել, իսկ եթե ավելի սրվի, ապա կարելի է դիտարկել հետաձգման պրոցեսը։

Հակոբյանը չի ընդունում  Գագիկ Ծառուկյանի դժգոհությունները՝ կապված կորոնավիրուսի կանխարգելման համար ձեռնարկված միջոցների հետ․«Ինչ է նշանակում, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվել. բոլոր քայլերը ձեռնարկվել են, բայց, ինչպես տեսնում եք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերն էլ հասնում է։ Ինչ վերաբերում է դեղատներում դիմակներ չլինելուն, կարծում եմ՝ մի փոքր ուռճացված է։ Ես չեմ մտել դեղատուն, չգիտեմ»։

Հարցին՝ ինչո՞ւ դիմակ ձեռք չի բերել, թե՞ կարծում է, որ բարի է և վիրուսն իրեն չի կպնի, ինչպես ասել էր Ծառուկյանը, Հակոբյանը պատասխանեց, որ այն երիտասարդը, որը վարակվել էր և որն այս պահին գտնվում է առողջացման փուլում՝  նույնպես բարի մարդ է:

Թե ինչո՞ւ կարանտինի համար ընտրվեց  հենց Ծաղկաձորը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ Կառավարության բազայում «Գոլդեն փելեսն» էր գտնվում, ուստի նպատակահարմար են գտել, կարանտինը տանել այնտեղ:

«Ինչ վերաբերում է Ծաղկաձորի հյուրանոցների դատարկ լինելուն, երկու օր առաջ, երբ բարձրաստիճան պաշտոնյաները գնացել էին Ծաղկաձոր բոլորովին այլ պատկեր է եղել»,- եզրափակեց նա:

Խոսելով կաթողիկոսի և իրենց խմբակցության հանդիպման մասին՝ պատգամավորն ասաց, որ քննարկել են տարբեր հարցեր, երկուստեք հնչել են մտահոգություններ բայց ավելի շատ խոսել են լավ բաներից։