Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, որին համաձայնել էր նաև Տեր–Պետրոսյանը. Արամ Սարգսյան․ տեսանյութ

Շահումյանը հանձնվել է Տեր–Պետրոսյանի համաձայնությամբ

Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Շահումյանի հանձնման հետ կապված ուշագրավ մանրամասներ է հայտնել։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով եղել է ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարներից, համոզված է` Շահումյանի շրջանն Ադրբեջանին է հանձնվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի համաձայնությամբ։

Սարգսյանը անդրադարձավ պատմական մի շարք ոչ հայտնի դեպքերի։

«Դեռ 1991-ի ամռանը, երբ Շահումյանի հանձնման մասին խոսակցություններ կային, տեղի ներկայացուցիչներից այցելեցին ինձ և խնդրեցին կասեցնել հանձնումը։ Իմ հարցին, թե ինչու չեն դիմում Տեր-Պետրոսյանին, պատասխանեցին` դիմել են, սակայն նա մերժել է` ասելով, որ ոչինչ չի կարող անել։ Դրանից հետո ստիպված ես գնացի Մոսկվա` այդ հարցով զբաղվելու»,–ասաց նա։

Մոսկվայում Սարգսյանը պետք է մասնակցեր կուսակցական ժողովներին և որոշել էր Շահումյանի թեմայով անձամբ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ զրուցել։

Այդպես էլ արել է. ժողովներից մեկի ժամանակ մոտեցել է Գորբաչովին ու խոսել այդ թեմայով։ Սակայն Գորբաչովը պատասխանել է, որ ինքը Շահումյանի շրջանի բնակիչների դեպորտացիայի հրաման չի տվել։ Սարգսյանը պնդել է, որ այդ դեպքում Գորբաչովը պետք է ԿԳԲ-ի ղեկավար Վլադիմիր Կրյուչկովին հրահանգի, որ դեպորտացիայի հրաման չկա, հակառակ դեպքում հենց Կրեմլում (այդտեղ էր ընթանում ժողովը), որտեղ միջազգային կառույցների ներկայացուցիչներ կան, կբարձրաձայնի Շահումյանի հանձնման մասին։

«Սակայն մեզ մոտ կանգնած Կրյուչկովն ինձ հարցրեց` ինչո՞ւ եք այդքան անհանգստանում, մենք ամեն ինչի շուրջ պայմանավորվել ենք Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։ Բնականաբար, ես պնդեցի իմ ասածը և արդյունքում կարողացանք մեկ տարով հետաձգել Շահումյանի հանձնման գործընթացը»,–պատմեց Սարգսյանը։

Նրա գնահատմամբ` 1992-ին Շահումյանը հանձնվեց նույն սցենարով։

Հարցին, թե արդյո՞ք ստիպել են Տեր–Պետրոսյանին հանձնել Շահումյանը կամ գուցե այլ պատճառ կար` Սարգսյանը պատախանեց, որ կարծում է` փորձել են համոզել, թե դրանով կարող են ավելին ձեռք բերել։ Համենայնդեպս, ըստ Սարգսյանի, Գորբաչովի «փիլիսոփայությունը» հետևյալն էր` Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, որին համաձայնել էր նաև Տեր–Պետրոսյանը։

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը` Սարգսյանը նշեց` խնդիրն այն է, որ հայկական կողմը չի կարողանում միասնական ազգային գաղափարախոսության հիման վրա ձևավորել իր քաղաքականությունը։

«Եթե փետրվարի 15–ին Մյունխենում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպումը բանակցություն է կոչվում, ուրեմն` խայտառակ վիճակում ենք։ Մեզ բանաձև է պետք, որտեղ պետք է նշված լինեն կարմիր գծերը, որից այն կողմ չպետք է անցնենք։ Բացի այդ, իրավական տեսանկյունից պետք է ներկայացնենք` ինչու ենք համարում, որ ԼՂ–ն մեր տարածքն է»,–ասաց Սարգսյանը։

Նա հավելեց, որ հիմա նորից պաշտոնապես դիմելու են վարչապետին միասնական բանաձև ստեղծելու հարցով։

իշեցնենք, որ Արցախյան ազատագրական պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց ԼՂ Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը, չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր: