Վրաստանի կաթողիկոսի երազը՝ կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

Պատրիարքը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է կրակագույն ձիավորը թռել իր գլխի վրայով ու անհետացել

Ամենայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդը կիրակնօրյա պատարագի ժամանակ տեղեկացրել է հավատացյալներին, որ ինքը տեսիլք է ունեցել կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի մասին: Այս մասին տեղեկացնում են tert.am և netgazeti.ge կայքերը:

Պատրիարքը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է կրակագույն ձիավորը թռել իր գլխի վրայով ու անհետացել: Հետո նրան մոտեցել է մի երեխա, թքել է գետնին, իր թուքը խառնել է մատով ու ճակատին խաչ է նկարել: Իլիա 2-րդի խոսքերով դա այն նշանն էր, որ մարդիկ կկարողանան հաղթահարել կորոնավիրուսը:

Պատրիարքը նաև կոչ է արել հավատացյալներին չընկճվել, իսկ բժիշկներին շնորհակալություն է հայտնել ինքնազոհ աշխատանքի համար:

«Մենք այսօր մեծ ուշադրություն ենք դարձնում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում՝ կապված կորոնավիրուսի հետ: Ուզում եմ մեկ բան շեշտել, որ առանց Աստծո այս ամենը տեղի չէր ունենա: Միայն աղոթքի և Աստծո օրհնության միջոցով մենք կարող ենք հաղթահարել այս փորձությունը»,-հայտարարել է պատրիարքը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում կա ախտահարման՝ 79 968, մահվան՝ 2873 և ապաքինման՝ 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է: Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք: