Հա, կերանք, Լֆիկի բաներից կերանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նա այժմ էլ Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորությունն է վայելում՝ շարունակելով պաշտոնավարել որպես Դանիայում ՀՀ դեսպան

Քոչարյանի ազատության հանձնախմբի կազմակերպած կոնֆերանսում այսօր ցուցադրվեցին տարբեր կադրեր Մարտի 1-ից, որոնք, չգիտես ինչու, չեն հիշվում գործող իշխանությունների կողմից։ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն իր ելույթի ընթացքում ցուցադրեց նաև այն ժամանակ Լևոն տեր-Պետրոսյանի շտաբի պետ, այժմ՝ Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի և Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ, վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի հայտնի հեռախոսային խոսակցության տեսագրությունը, որտեղ Սիրունյանն ու Արզումանյանը հրճվում են, թե ինչպես են օգտվել «Լֆիկի խանութների թալանից»։ 

«Էդ նորմալ ա, կերանք, Լֆիկի բաներից կերանք»,-ասում է Արզումանյանը Սիրունյանին, որն իրեն տեղեկացնում է, որ «Լֆիկի խանութն են թալանել»։ Ապա հնչում է հրճվալի ծիծաղ՝ ի հավաստումն նրա, որ իրենք գոհ են, որ օգտվել են այդ թալանից։

Ըստ ցուցադրված տեսանյութի՝ Սիրունյանը նաև ավետում է Արզումանյանին, որ նաև որոշ ոստիկանների, այդ թվում՝ Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի մեքենան են վառել։

«Հա, էդ լավ ա»,-մեքենան վառելու փաստից իր գոհունակությունն է հայտնում Ալիկ Արզումանյանը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի դեպքերից հետո Արզումանյանը ՀԱԿ-ի ցուցակով անցնավ խորհրդարան, դարձավ պատգամավոր և սկսեց սերտ կապերի մեջ մտնել Սերժ Սարգսյանի իշխանության հետ։ Նրան ընդունում և մեծարում էին ՀՀԿ-ականները, իրենց հետ քեֆերի, ուտել-խմելու տանում և պարբերաբար գովում՝ որպես «լավ ընդդիմադիրի»։

Բացի այդ, Արզումանյանը, այն ժամանակվա խորհրդարանում իր «բաժակի ընկեր» Ռուբիկ Հակոբյանը, որն այսօր ներկա էր այդ կոնֆերանսին, և էլի այլ «ընդդիմադիրներ» մինչև հեղափոխությունը մամուլում պարբերաբար ներկայացվում էին որպես Սերժ Սարգսյանի ու Բաղրամյան 26-ի հաճախորդ, ՀՀԿ-ի կողմից «կառավարվող» ընդդիմություն։

Բայց Սերժ Սարգսյանը գնահատեց միայն Արզումանյան Ալիկի «հաճախորդությունն» ու նրա մատուցած «ընդդիմադիր» ծառայությունները՝ իր իշխանության վերջին տարիներին Արզումանյանին նշանակելով դեսպան եվրոպական ամենալավ երկրներից մեկում։

Նա այժմ էլ Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորությունն է վայելում՝ շարունակելով պաշտոնավարել որպես Դանիայում ՀՀ դեսպան, իսկ, ահա, Ռուբիկ Հակոբյանը մնաց անգործ և չգնահատված, և հեղափոխությունից հետո համալրեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարքերը։ Այսօր նա նստած դիտում էր, թե ինչպես է իր երբեմնի ընկեր Ալիկ Արզումանյանը հրճվում Մարտի 1-ին Ներսիկ Նազարյանի մեքենան վառելու և «Լֆիկի խանութները» թալանելու փաստից։

Տեսանյութը՝ hraparak.am-ի