Ի՞նչ դատարան, պատի տակ գնդակահարել և վերջ. ինչու՞ են դժգոհում Փաշինյանից

Վարչապետից դժգոհությունն այն է, որ «թշնամիների» հետ մեղմ է վարվում

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ մի միջավայրում խոսում էինք մի մարդու մասին, եւ հենց որ տվեցին նրա անունը, ես հավելեցի՝ «ներկայումս՝ ազգի թշնամի»: Զրուցակիցներիցս մեկը հարցրեց՝ «իսկ հնարավո՞ր է ապրել առանց ազգի թշնամիների»: Իմ պատասխանն էր՝ «ոչ, հնարավոր չէ, առավել եւս՝ հեղափոխությունից հետո, քանի որ ամբողջ աշխարհում հեղափոխություններն արվում են հենց այդ թշնամիներին ոչնչացնելու նպատակով»:

Երբ հեղափոխությունների ընթացքում հեղափոխականներն ասում են, որ «վենդետաներ չեն լինելու», նրանք գուցեեւ անկեղծ են, բայց հաշվեհարդարներ չեն կարող չլինել, որովհետեւ լայն ժողովրդական զանգվածներն աջակցում էին հեղափոխությանը հենց «վենդետաների» ակնկալիքով եւ հեղափոխություններից հետո նրանց գլխավոր պահանջն է նոր իշխանություններին՝ ոչնչացնել բոլոր նրանց, ում համարում են թշնամիներ, դավաճաններ, թալանչիներ եւ այլն:

Եթե նրանց ուզածով չլինի, հեղափոխական զանգվածները նոր ղեկավարությանը պարզապես հում-հում կուտեն: Եվ ավելին՝ Հայաստանում, օրինակ, Փաշինյանից գլխավոր դժգոհությունն այն է, որ նա «թշնամիների» հետ չափից դուրս մեղմ է վարվում, «թավիշը շատ է», ի՞նչ դատարան-մատարան, միանգամից պատի տակ գնդակահարել եւ վերջ:

Դա կապ չունի հատկապես Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ՝ այդպիսին է հեղափոխությունների տրամաբանությունը: Այն մարդիկ, որոնք գոնե դպրոցական մակարդակով ծանոթ են համաշխարհային պատմությանը, դա կհաստատեն: Հետաքրքիր է նաեւ, որ դա վերաբերում է նաեւ չկայացած հեղափոխություններին: 1990-ականներին Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, ՍԻՄ-ը եւ մնացածներն ամենեւին դեմ չէին բռնություններին, հաշվեհարդարներին եւ Չաուշեսկուի տարբերակներին: Ինչո՞ւ: Որովհետեւ, իրենց կարծիքով, Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը դավաճանների, թշնամիների, «թուրքից էլ վատ» մարդկանց հավաքածու էր:

Ի հեճուկս ժողովրդի մեծամասնության այդ ձգտումների՝ այն ժամանակվա իշխանությունը թույլ չտվեց հեղափոխություն եւ, պարտվելով 1995-96 թվականների ընտրություններում, կարողացավ ուժով պահել իշխանությունը: Հիմա վերը հիշատակված կուսակցությունները դեմ են «թշնամիների փնտրտուքին», բայց նրանց եւ ներկայիս իշխանությունների տարբերությունը սոսկ այն է, որ վերջիններս հաղթել են ու եկել են իշխանության, իսկ 1990-ականների հեղափոխականները չկարողացան գալ իշխանության:
…Վաղ թե ուշ այս իշխանությունն էլ կփոխվի, եւ հաջորդ իշխանության մեջ նույնպես ի հայտ կգան հմուտ ու պերճախոս հռետորներ, որոնք Փաշինյանին ու նրա թիմին կանվանեն «թշնամի» եւ «դավաճան»: Ու ես դարձյալ դեմ կլինեմ դրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում