Ովքե՞ր են դավաճանները և ինչո՞ւ նրանց «թաթիկները չեն կտրվում». factor.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսկ թե ովքեր են եղել իրավապահ համակարգի դավաճանները կամ ովքեր են այժմ դավաճանելով շարունակում բարձր պաշտոններ զբաղեցնել, վարչապետն անուններ չի նշել

Հայաստանի իրավապահ համակարգի վերին օղակներում դավաճաններ են եղել, և չի բացառվում, որ հիմա էլ կան:

Նախօրեին իրավապահ համակարգի ղեկավարների՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի, ոստիկանապետի պաշտոնակատարի, ՀՔԾ պետի, ՊՎԾ պետի, գլխավոր դատախազի և ՔԿ ղեկավարի հետ հնադիպման ժամանակ նման սենսացիոն հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սուր քննադատել իրավապահներին վատ աշխատանքի համար:

«Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում բառիս բուն իմաստով եղել են դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ իշխանափոխությունից հետո կոռուպցիոն բացահայտումների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 150 մլն դոլար: Այս ցուցանիշը վարչապետին չի բավարարում: Նա իրավապահ համակարգի աշխատանքում դանդաղկոտություն է նկատում:

«Մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տվել փախնել, մյուս մասին՝ հանցանշանները թաքցնելու պատուհան է բացել: Կան դեպքեր, որ այս կամ այն կառույցները պատկանում են կոռուպցիոներների, բայց իրավապահները ոչինչ չեն անում այդ կապը բացահայտելու համար»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ իրավապահ համակարգի վերին օղակներում գտնվող դավաճանների աշխատանքի արդյունքում մի շարք աղմկոտ գործերով առանցքային մեղադրյալներ և կասկածյալներ լքել են Հայաստանը:

Իսկ թե ովքեր են եղել իրավապահ համակարգի դավաճանները կամ ովքեր են այժմ դավաճանելով շարունակում բարձր պաշտոններ զբաղեցնել, վարչապետն անուններ չի նշել: Մինչդեռ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում ներկայումս և ոչ վաղ անցյալում պաշտոնավարողների անունները հայտնի են, և վարչապետի բնութագրի հասցեատերերի շրջանակը, թերևս, բարդ չէ ուրվագծել։

Այսպես. անցած տարի սեպտեմբերի 16-ին բավականին անսպասելի ձևով պաշտոնանկ արվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա իր հրաժեշտի ուղերձում մեղադրական հայտարարություններ արեց իշխանության հասցեին՝ անգամ «Կանգ առ»-ի կոչ անելով։ Հետագայում արդեն իր հայտարարություններում Վանեցյանն ակնարկներ հնչեցրեց, որ իրեն վերագրվող  ինչ-ինչ պայմանավորվածությունները, մասնավորապես՝ կոռուպցիոներներին  հովանավորելու կամ նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ հանդիպումը, եղել է Նիկոլ Փաշինյանի ցուցումով:

Վանեցյանի պաշտոնանկությունից ուղիղ 2 օր անց՝ սեպտեմբերի 18-ին պաշտոնանկ արվեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ  պաշտոնանկությունների պատճառը նրանց վատ աշխատանքն է եղել, վարչապետի պահանջները չեն բավարարել: Չնայած դրան, Փաշինյանն Օսիպյանին նշանակեց իր գլխավոր խորհրդական, ինչը նշանակում է, որ նրա աշխատանքից դժգոհ չէր կարող լինել: Նկատենք, սակայն, որ Օսիպյանն այդպես էլ ոչ մի օր աշխատանքի չգնաց որպես վարչապետի խորհրդական։

Պաշտոնանկ արված այս երկու պաշտոնյաներին փոխարինեցին սեպտեմբերի 16-ին Էդուարդ Մարտիրոսյանը՝ որպես ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, և Արման Սարգսյանը՝ որպես ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Ուշագրավ է, որ ընդամենն օրեր անց սպառվելու է օրենքով սահմանված վեցամսյա վերջնաժամկետը, սակայն Փաշինյանն այդպես էլ չի շտապում այդ երկու կառույցների ղեկավարների նշանակման հարցում։ Արդյո՞ք պատճառը Փաշինյանի՝ նախօրեին հնչեցրած դժգոհությունն է իրավապահների աշխատանքից և համակարգում, իր իսկ բնութագրմամբ, դավաճանների՝ այժմ էլ շարունակվող գործունեությունը, դժվար է ասել։

Իրավապահ համակարգի մյուս կարևոր օղակը Դատախազությունն է, որը ղեկավարում է նախկին իշխանության օրոք այդ պաշտոնը ստանձնած Արթուր Դավթյանը։ Նրան, ի դեպ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, լինելով «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազության 2016 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ «քուանշ» հայտարարեց: Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, որ «քուանշը» տերմին է, որն օգտագործվում է «բլոտ» թղթախաղի մեջ՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար, և ասել, որ 4 դրվագով «քուանշ» է հայտարարում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Փաշինյանը կասկածի տակ էր դրել Դավթյանի պարզաբանումները՝ կապված «Սասնա ծռեր» խմբի անդամների տեսակցությունների արգելանքի, Մարտի 1-ի գործի բացահայտման, Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու և «Հաց բերողի» մահվան հանագամանքների վերաբերյալ:

Իրավապահ համակարգում հաջորդ կարևոր կառույցը Քննչական կոմիտեն է, որը 2018 թվականի հուլիսի 10-ից ղեկավարում է Հայկ Գրիգորյանը: Նա, ի դեպ, բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի և նրա եղբոր՝ Արամ Նիկոյանի հետ, ով էլ ներկայում զբաղեցնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Ի դեպ, Հայկ Գրիգորյանը զբաղեցրել է նաև ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնը: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերն իրենց բողոքի ակցիաների ժամանակ հաճախ են հայտարարում, որ Հայկ Գրիգորյանը սպանություններ է կոծկել:

Իրավապահ համակարգում առանցքային դերակատարություն ունեցող մյուս կառույցը ՀՔԾ-ն է, որի ղեկավար Սասուն Խաչատրյանն էլ Մարտի 1-ի գործով  աղմկահարույց հայտարարություններ արեց, որոնք, սակայն, հետագայում հաստատում չունեցան։ Այսպես. նրա ղեկավարած կառույցը մեղադրանք առաջադրեց Ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, 70-ամյա Գեղամ Պետրոսյանին: Նախկին պաշտոնյան մեղադրվեց Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ: Գեղամ Պետրոսյանը երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո ստորագրությամբ ազատ արձակվեց։ Պարզվեց, որ նրա կողմից արձակված փամփուշտն ու զոհի մարմնում հայտնաբերվածը չեն համապատասխանել միմյանց։

Այսպիսով, չկոնկրետացնելով, թե ում նկատի ունի և բավարարվելով միայն հեղափոխությանը ներսից դիմադրող և դավաճանություն գործած իրավապահների մասին հայտարարություններով՝ Նիկոլ փաշինյանը, փաստորեն, չի փակում նրանց հետագա պաշտոնավարման հնարավորությունը. «Բայց հարցս հետևյալն է. արդյո՞ք կարող ենք երաշխավորել, որ հիմա իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք իրականացնում է իր աշխատանքները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող դրան վստահ դրական պատասխան տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութի աղբյուրը՝ factor.am