3 միլիոնը շա՞տ չէր այս «գողության» համար

«Այո»-ի 3 մլն դրամանոց լոգոն 1991 թվականի Անկախության հանրաքվեի տարբերանշանի կրկնությունն է

Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարում էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ եւ հաղթողը ստանալու էր 3 միլիոն դրամ: Նախօրեին «Այո» քարոզչական կողմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր բրենդինգի մրցույթի հաղթողը։

«Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»,- նշված էր «Այո»-ի հայտարարությունում:

Սակայն, պարզվում է, որ Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի լոգոն, նոր չէ: «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում 90-ականների մամուլից մի լուսանկար է հրապարակել, որը 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի՝ օրերս հրապարակած լոգոյի «Այո»-ն։

«Երբ քննադատում եմ, ասում եմ վերադարձել ենք 90-ականներ, նեղանում եք։ Արդեն հավանաբար չեք էլ փորձում թաքցնել։ Բայց 3 միլիոնը շա՞տ չէր այս «գողության» համար»,- գրել է Արսեն Բաբայանը։

Համացանցում Բաբայանի հրապարակման տարածումից հետո թեմային արձագանքել է նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա, մասնավորապես, իր էջում հրապարակել է 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոն եւ կից գրել. «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։

Անկախության ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեների «Այո»-ի տարբերանշանի կրկնության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Tert.am փորձեց կապ հաստատել «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի հետ, սակայն նա չպատասխանեց զանգերին: Իսկ Garoon գործակալության հեռախոսահամարն անհասանելի էր:

Ռետրո մամուլ. ինչ էին գրում հայկական թերթերը 25 տարի առաջ այս օրերին (ֆոտո)