ՔԿ թռիչքային գործունեության վարչության պետն ազատման դիմում է ներկայացրել

Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար՝ համատեղ որոշում է կայացվել, համաձայն որի Գրիգոր Հայրապետյանը ցանկանում է զբաղվել միայն օդաչուական գործով

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել:
Այս մասին հայտնում են կոմիտեի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ:

Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար՝ համատեղ որոշում է կայացվել, համաձայն որի Գրիգոր Հայրապետյանը ցանկանում է զբաղվել միայն օդաչուական գործով: Այսուհետ՝ պրն. Հայրապետյանը ծավալելու է միմիայն թռիչքային գործունեություն: Միևնույն ժամանակ նշում ենք, որ պրն. Հայրապետյանը խորհրդատվական ձևաչափով համագործակցելու է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, մասնավորապես իր խորհուրդներով, մասնագիտական փորձով և առաջարկներով շարունակելու է մնալ Կոմիտեի մի մասնիկը:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նաեւ  խորին շնորհակալություն է հայտնել Գրիգոր Հայրապետյանին` 2015 թվականից ի վեր ծավալած գործունեության համար: