Թող գյուղապետերը, թաղային հեղինակություններն արջի ծառայություն չմատուցեն. Պապիկյան

Շտաբի ղեկավարն ասաց, որ իրենք դրա կարիքը չունեն

Մենք չենք պատրաստվում կենաց մահու պայքարի նետվել, սա պրոցես է, մենք մեր քաղաքացիների հետ բաց ենք: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:

«Մենք հնարավորություն ենք ընձեռել ՀՀ քաղաքացուն, որ ինքը որոշի, թե ինչ ընթացք է ուզում ստանալ մեր երկիրը, սկսած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից, այդ իրավունքը ինքը ձեռք է բերել: Չկա առավել ժողովրդավարական պրոցես, քան կարող է լինել հանրաքվեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հետ համեմատական անցկացնելուն, ով նախկինում շտաբի ղեկավար էր լինում ընտրությունների ընթացքում, Սուրեն Պապիկյանն ասաց. «Նախ խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ես որևէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնը, ավելին ասեմ` ի տարբերություն ձեր նշածի, ես հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը: Ես որևէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որպեսզի որևէ կերպ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու, կամ նմանատիպ այլ բաների հետ: Որևէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, կլինի գյուղապետ, քաղաքապետ, թաղային հեղինակություն, մենք դրա կարիքը չունենք»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ քաղաքացուն ընձեռած հնարավորությունը, իրավունքը որևէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի:

«Սա մեր որդեգրած սկզբունքն է, հավատամքն է, որից մենք չենք հրաժարվելու: Մենք պետք է գնանք, մարդկանց հետ զրուցենք, ու ասենք՝ այս պրոցեսը շատ կարևոր է, մենք չենք խուսափում մեր ժողովրդի հետ խոսելուց»,-ասաց նա: