Սա քաղաքական հետապնդում է և ուղղված է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը զսպելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք հերթականությամբ ներկայացնելու ենք այս քրեական գործի քրեական գործ չլինելը, շինծու ու փուչ լինելը

Դատական նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: 

Ամրամ Մակինյանը նշեց, որ գործում կան էական բացթողումներ: «Նախաքննական մարմինը պետք է ուշադրություն դարձներ նրան, որ կազմակերպությունը դիզելային վառելիքը գնել է 430 դրամով 100-ավոր տոննաներով և սկսել է վաճառել ավելի էժան՝ 330, 340 դամով: Սրա մասին  նախաքննության փուլում ասում ենք վարույթն իրականացնող մարմնին, որ այստեղ պետք են դատահաշվապահական փորձաքննություն անել և մի շարք հանգամանքներ պարզել: Օրինակ՝ այս կազմակերպությունն առնվազն չէր կարող 420 դրամով պետությանը դիզելային վառելիք մատակարարել այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում ձեռք է բերում 440, 460 դրամով: Սա ինչի՞ մասին է խոսում. խոսքը «Մաքսհուր» կազմակերպության մասին է»,- նշեց նա:

Ըստ փաստաբանի պետք էր բազմակողմանի, օբյեկտիվ Քրեադատավարական օրենսգրքի 17 հոդվածի (գործի արդարացի քննությունը) պահանջները պահպանել, հավաքել ոչ միայն մեղադրող ապացույցներ, այլ նաև արդարացնող, ինչպես նաև չխոչընդոտել պաշտպանական կողմին: Նա նշեց, որ բազմաթիվ հարցումներ են արել ՊԵԿ-ին, որտեղից պատասխանել են, որ իրենց հայցած տեղեկությունն առևտրային գաղտնիք է պարունակում: «Տպավորություն է, որ մենք այդ տեղեկությունները պետք է տանենք ու մեր գրասենյակներում օգտագործենք, սակայն մենք կոնկրետ նշում ենք, թե այդ տեղեկություններն ինչ նպատակով են անհրաժեշտ՝ կոնկրետ քրգործով կոնկրետ անձի պաշտպանություն իրականացnելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ դատախազը հերքում է, որ մեկ ցուցմուքնի հիման վրա է մեղադրանք առաջադրվել երրորդ նախագահին, ասաց, որ կզարմանար, որ այդ դատախազն այլ պատասխան տար: «Մենք այդ մասին կխոսենք հաջորդ դատավարության փուլերում: Ես պնդում եմ՝ այդ մեկ ցուցմունքն էլ չկա: Միայն ցուցմունքի փաստացի թղթի կարված լինելը չի նշանակում, որ դա կշիռ ունի»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, ում ցուցմունքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին, այստեղ էր, Մակինյանը նշեց, որ անուններ չի ցանկանում տալ և Կարապետյանին վերաբերող որևէ հարցի չպատասխանեց:

«Պարոն նախագահն առերես հարցաքննվել է մեկ անգամ իր դեմ ցուցմունք տված անձի հետ: Կհամոզվեք, որ ցուցմունք էլ չկա: Ամեն ապացույց չէ, որ կարող է անցնել Քրեական օրենսգրքի նախատեսված մաղերով և մնա որպես ապացույց»,- ասաց նա։

Ես խոստացել եմ՝ հանրությանը ցույց տալ, թե այս քրեական գործը ինչպես է կառուցվել, ինչ կա քրեական գործում, ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, սա ուղղակի զավեշտ է, որ կարող է կոչվել քրեական գործ, այն կարող է դառնալ մեղադրանք, կարող է գալ դատարան, ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Հարցին՝ քաղաքական ենթատեքստ կա՞, նա պատասխանեց. «Ենթատեքստ չկա, ուղղակի քաղաքական հետապնդում է, և ուղղված է պարոն Սարգսյանի քաղաքական գործունեության համար ինչ-որ զսպման մեխանիզմ գտնելուն»,- ասաց նա և հավելեց. «Մենք հերթականությամբ ներկայացնելու ենք այս քրեական գործի քրեական գործ չլինելը, շինծու ու փուչ լինելը»:

 

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում: