18-ամյա Սոֆի Դևոյանը՝ նոր ֆոտոշարքի, համարձակ լուծումների ու մայրիկի հետ հարաբերությունների մասին

Վերջին երկու տարվա ընթացքում ես ու մայրիկս ընկերուհիներ ենք դարձել
Սոֆի Դեվոյան

18֊ամյա դերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյանը, որն այս ընթացքում սովորում է Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտում, վերջերս Հայաստանում էր։ Սոֆին հայրենիքում ժամանակն իզուր չի վատնել և երգչուհի մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ, ֆոտոշարք է իրականացրել։

Սոֆի Դևոյան

Դերասանուհին լուսանկարները տրամադրել է Tert.am Life֊ին և մեզ հետ զրուցել ֆոտոշարքի, համարձակ լուծումների ու մայրիկի հետ էլ ավելի մտերմանալու մասին։

Սոֆի Դեվոյան

«Քանի որ մայրիկիս հետ պրոֆեսիոնալ ֆոտոշարք չունեի, մտածեցի՝ կարելի է նոր լուսանկարներ անել։ Հատուկ ինչ֊որ բանի համար չենք լուսանկարվել՝ դրանք մեր անձնական արխիվի համար են»,֊ասաց Սոֆին։

սոֆի դեվոյան

Լուսանկարներից մի քանիսը հետևորդներից շատերի բնորոշմամբ՝ համարձակ են․ «Ես այդ լուսանկարը համարձակ չեմ համարում, որովհետև եթե էսթետիկ է, չափի մեջ է, գեղեցիկ է, ապա կարելի է անել։ Ես դրա մեջ արտառոց որևէ բան չեմ տեսնում։ Հայերիս մտածողությունն է այնպիսին է, եթե լուսանկարում անգամ ուսի մի փոքր հատված է բաց, ապա դա է ուշադրություն գրավում։ Սա դիմանկարի բավականին հայտնի ոճ է, որը հիմա ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի։ Ինչ֊որ յուրահատուկ բան չենք արել»։

Սոֆի Դեվոյան

Մայրիկի հետ մտերմությունն ու արդեն որպես ընկերուհիներ շփումը երևում է նաև լուսանկարներից։ Սոֆին ասաց, որ ինքն ու մայրիկը և՛ բնավորությամբ, և՛ արտաքնապես իրար շատ նման են․ «Ինձ հաճախ են ասում, որ ես գնալով էլ ավելի եմ նմանվում մայրիկիս։ Նրա բնավորության գծերի մեծ մասը վերցրել եմ։ Երբ ինչ֊որ հարց ենք քննարկում, ես ու մայրիկը, իրարից անկախ, նույն կարծինքն ենք ունենում՝ սա իսկապես շատ հետաքրքիր է,֊ ասաց Սոֆին ու ժպիտով հավելեց, որ արտաքին որոշ գծեր կցանկանար մայրիկից վերցներ։ -Արտքինի հետ կապված միշտ ցանկացել եմ ժառանգել մայրիկիս մազերի որակը՝ գանգուր ու խիտ։ Մազերս ալիքաձև են, սակայն նկարահանումների բերումով այնքան եմ ուղիղացրել, որ բնական ձևը կորել է։ Մայրիկս մազերի հարդարման հետ կապված որևէ բան կարող է չանել, որովհետև առանց հարդարման էլ բնականից գեղեցիկ են»։

սոֆի դեվոյան

Սոֆիի խոսքով՝ ինքն ու մայրիկը վերջին երկու տարիների ընթացքում էլ ավելի են մտերմացել։ Թե ինչով է սա պայմանավորված՝ դերասանուհին դժվարացավ մեկնաբանել․ «Ես տեսակով փակ մարդ եմ և չեմ սիրում իմ կյանքին առնչվող ինչ֊որ բան բարձրաձայնել։ Անգամ երբեմն մայրիկիս հետ կարող եմ չկիսվել, չպատմել։ Չգիտեմ ինչու, բայց հատկապես վերջին երկու տարվա ընթացքում ես ու մայրիկս ընկերուհիներ ենք դարձել, շատ ենք մտերմացել։ Մինչ դա գուցե պատմելու թեմաներ չկային։ Ես առհասարակ չեմ սիրում մարդկանց ծանրաբեռնել իմ խնդիրներով, տարբեր հարցերով ու դրա համար խուսափում եմ շատ բաներ բարձրաձայնել։ Բայց մայրիկիս հետ այդ առումով վերջին տարիներին մտերմացել ենք»։

18-ամյա դերասանուհուն հաճախ չեն տեսնում դիմահարդարված, սակայն այս լուսանկարներում նա նախընտրել է հանդես գալ առավել ակտիվ շպարով։  «Օրվա ընթացքում, եթե իհարկե հատուկ ինչ֊որ տեղ չեմ այցելելու, ինձ դիմահարդարված միանշանակ չեք տեսնի։ Առհասարակ ես ինձ դիմահարդարված չեմ սիրում ու երբ ակտիվ դիմահարդարում են, մտածում եմ, որ ինձ նման չեմ, դուր չի գալիս։ Անհրաժեշտության դեպքում էլ աշխատում եմ հնարավորինս քիչ դիմահարդարվել։ Առաջնահերթ իհարկե մաշկիս խնամքի մասին եմ մտածում ու առանձնապես չեմ էլ սիրում շպարվել։ Քանի որ այս անգամ ֆոտոշարքի համար էր, որոշեցի դիմահարդարումս ավելի ակտիվ անել, գոնե շրթներկի մասով»։

Լուսանկարները՝ Արգինե Մինասյանի