Մենք հաստատ մեղավոր չենք. Ռուստամ Բադասյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող. նախարար

«Ցանկացած նախկին պաշտոնատար անձի հետ կապված քրեական գործ՝ կոռուպցիոն բնույթի, երբ հարուցվում և քննվում է, բոլոր փաստարկները միշտ նույնական են լինում, նույնիսկ տեքստերում անուն-ազգանունը փոխում ենք, բայց մնացած բառերը նույնն են»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին և ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարությանը:

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը որևէ կերպ մեղավոր չէ, որ նման կոռուպցիոն շատ դեպքեր են եղել, և այսօր ամբողջ իրավապահ համակարգը լցված է կոռուպցիոն բնույթի քրեական գործերով:

«Մենք հաստատ մեղավոր չենք, հիմա էլ տեսնում եք, որ գործող պաշտոնատար անձանց մասով էլ գործեր են հարուցվում, քննվում, այսինքն՝ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող»,- հավելեց Ռուստամ Բադասյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը մեղադրյալ է ներգրավվել շինծու և անհեթեթ պատրվակով.

«Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց»,- նշված է հայտարարության մեջ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում