Փաշինյանի համբերության բաժակը լցվել է. Դավիթ Տոնոյանը հրաժարական կտա 

Ըստ կառավարության կուլիսներում պտտվող խոսակցությունների, սեփական պատասխանատվությունից խուսափել հազիվ թե կարելի լինի
Դավիթ Տոնոյան

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո բավական տեւական ժամանակ պաշտոնյաների վարկանիշային «աղյուսակում» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որպես կանոն, եղել է լավագույն եռյակում: 

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս կառավարության կողմից «ներքին օգտագործման» համար անցկացված հերթական հարցումները ցույց են տվել, որ նա զգալիորեն զիջել է դիրքերը: 

Ավելին, մեծ թիվ են կազմում նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները: Պատճառն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջին շրջանում բանակում տիրող վիճակն է, այլեւ տարբեր մրցույթների հետ կապված աղմուկները, որոնք հրապարակայնացվեցին թե՛ տեղական, թե՛ նաեւ ռուսական ԶԼՄ-ների կողմից: 

Ուշագրավ է, որ անցած մեկուկես տարում Տոնոյանի հրաժարականի մասին մի քանի անգամ տեղեկություններ են հրապարակվել: Մեր աղբյուրները պնդում են, որ դրանք մեծամասամբ ճիշտ են եղել, սակայն վերջին պահին «իրավիճակ է փոխվել»: 

Հիմա, ինչպես ասում են, թեման առավել է հասունացել. չնայած մի շարք կադրային փոփոխություններին, սլաքները դեպի ԳՇ, ՌՈ, դպրոց, ընտանիք ուղղելու փորձերին, ըստ կառավարության կուլիսներում պտտվող խոսակցությունների, սեփական պատասխանատվությունից խուսափել հազիվ թե կարելի լինի, ու վարչապետ Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում