Իրանում կա COVID-19-ով վարակման 64 դեպք, նրանցից 12-ը մահացել են

Իրանի Ղոմ քաղաքում, որտեղից սկսվել է կորոնավիրուսի տարածումը, վիրուսից 50 մահացածների վերաբերյալ տվյալները ճիշտ չեն. պաշտոնյա

Իրանի Ղոմ քաղաքում, որտեղից սկսվել է կորոնավիրուսի տարածումը, վիրուսից 50 մահացածների վերաբերյալ տվյալները ճիշտ չեն: Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին։

Հարիրչին ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կարող է կազմել մոտավորապես 60:

«Ասել են 50 մահացածների մասին, դուք մեզ պաշտոնապես նամակում նշեք անունները: Հայտարարվել է 50-ի մասին, բայց ես ձեզ ուղղակիորեն կասեմ, որ եթե Ղոմում այդ հիվանդության պատճառով մահացածների թիվը կազմում է դրա կեսը կամ քառորդ մասը, ապա ես հրաժարական կտամ»,-ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը ցուցադրվել է  իրանական հեռուստատեսությամբ:

Ավելի վաղ, ինչպես հաղորդել է ISNA գործակալությունը, Ղոմից պատգամավոր Ահմադ Ամիրաբադին հայտարարել է, որ առողջապահության նախարարի ասածները չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը Ղոմում հայտնաբերվել է երեք շաբաթ առաջ», մինչդեռ իշխանությունները հասարակայնությանը առաջին երկու դեպքերի մասին տեղեկացրել են միայն փետրվարի 19-ին:

Խորհրդարանականը նշել է, որ իրադրությունը քաղաքում «ավելի կրիտիկական է, քան ասում են»: Միեւնույն ժամանակ, ILNA գործակալության տվյալներով, պատգամավորը նշել է քաղաքում վիրուսի 50 զոհերի մասին: Մինչդեռ երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը լրագրողներին հայտնել է, որ Իրանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 64-ի, մահացելէ 12 հոգի:

«Այս պահի դրությամբ միանգամայն ստույգ է, որ երկրում կա COVID-19-ով վարակման 64 դեպք: Ցավոք, անցած օրերին նրանցից 12-ը մահացել են»,-ասված է Ջահանպուրի հայտարարության մեջ, որը հրապարակված է գերատեսչության կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: