2 շաբաթով դադարեցվում է Իրան-Հայաստան հաղորդակցությունն օդով ու ցամաքով

Առավոտյան տեղի կունենա կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստ
մեղրի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել` հայտարարելով, որ կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին` կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված:  

«Սիրելի հայրենակիցներ, հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ 

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ 

Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։ Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են»։