Փաշինյանը փորձում է սրբագրել Մյունխենում տեղի ունեցածը, բայց ապարդյուն

Նրա միակ ռազմավարությունը մնում է որոշում կայացնելու պատասխանատվությունից խուսափելը
Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի հարցում Փաշինյանի քաղաքականությանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Փաշինյանը փորձում է սրբագրել Մյունխենում տեղի ունեցածը, բայց ապարդյուն։ Նրա միակ ռազմավարությունը մնում է որոշում կայացնելու պատասխանատվությունից խուսափելը, սեփական տեսակետ չներկայացնելը, վերացական մտքեր հայտնելը և հարցն այլոց վրա բարդելը։

Թեմայի և սկզբունքների կապակցությամբ մի քանի դիտարկում և հարցադրում։

1․ Այդ սկզբունքներն Ադրբեջանն ու միջնորդներն ընդունե՞լ են։ Ի՞նչ քայլեր կան այդ ուղղությամբ։

Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու քաղաքականությունը ինչո՞ւ է հանգեցրել Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի գործոնի ուժեղացմանն ու դրա սուբյեկտայնության ապահովմանը։

2․ Փաշինյանի համար ընդունելի՞ է «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձևը։ Ինքը դա՞ է բանակցում, թե՞ այլ բան։

Փախստականների վերադարձի հարց քննարկվե՞լ է Մնացականյան–Մամեդյարով բանակցային ձևաչափում։

3․ «Մյունխենյան սկզբունքներում» ինչո՞ւ է բացակայում Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված համաձայնությունների կետը։

Ոչ մի պարտավորություն չենթադրող «Վերելակային» դիվանագիտությունը նախընտրելի՞ է սահմանային միջադեպերը մոնիտորինգ անելու ինստիտուցիոնալ պայմանավորվածություններից։

4․ Փաշինյանի շուրթերից համառորեն չի հնչում «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումը։

Նրա համար տարածքների խնդիրը հավասարեցվել է անվտանգության ապահովմանը, մինչդեռ մեր դիվանագիտության հիմքում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումը պետք է լինեն։

Ի դեպ, Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը և Ադրբեջանը երբևէ չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում» ձևակերպումը նույնական չէ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպման հետ։

Եթե Արցախի ու Ադրբեջանի ժողովրդավարության մակարդակների տարբերությունն է մատնանշվում, ապա դա լրիվ այլ բան է և չի առնչվում ինքնորոշման ու տարածքային ամբողջականության խնդիրներին։

Ենթադրենք՝ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը հավասարվեց Արցախի ժողովրդավարության մակարդակին և այդ երկուսը ժողովրդավարության առումով հայտնվեցին քաղաքական նույն տարածքում, ի՞նչ է հետևելու դրան։

5․ Փաշինյանն ունի՞ լուծման տարբերակ, որը կարող է բավարարել Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին։ Եթե ունի, ապա ինչո՞ւ չի ներկայացնում դա հանրության դատին։ Եթե չունի, ապա ումի՞ց է սպասում առաջարկ։ Հայ ժողովրդի՞ց։ «Հայ ժողովուրդ» որ ասում եք, ո՞ւմ զանգենք։

Ալիևի՞ց է առաջարկ սպասում։ Բայց չէ՞ որ Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից ու այդ մասին բազմիցս արտահայտվել է։

Միջնորդների՞ց։ Բայց նրանք արդեն ասել են։

6․ Ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ Փաշինյանը պատրաստ չէ փոխզիջման։ «Մյունխենյան սկզբունքներում» և վարչապետ Փաշինյանի մոտ երկու տարվա գործունեության ընթացքում այդ կարմիր գծի մասին երբևէ հստակ չի խոսվել»։