«Լուսավոր Հայաստան»-ն ու «ՀՅԴ»-ն կօգնեն «Ոչ»-ին

Նրանք պատրաստակամություն են հայտնել օգնել «ոչ»-ին՝ տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում

«Ոչ»-ի շտաբի լիազոր ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրանքով դիմել է չորս քաղաքական ուժերի, որպեսզի տեղամասային հանձնաժողովի անդամի նշանակման ենթակա անձանց մասով օգնեն շտաբին։

«Ես ինքս դիմել եմ այն քաղաքական ուժերին, որոնք ունեն համակարգված տվյալներ ընտրական տեղամասերում հանձնաժողովների անդամ իրավունք ունեցող անձանց մասին»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ այդ չորս քաղաքական ուժերն են՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը։

«Խոսքն այս 4 քաղաքական ուժերին է վերաբերում, քանի որ նրանք են հանդես եկել «այո»-ն բացառող հայտարարություններով»,-հայտեց Մելիքյանը։

Նա նաև շեշտեց, որ որևէ քաղաքական ուժի հետ առնչություն չունեցող անձինք նույնպես հնարավորություն կունենան «ոչ»-ի շտաբի լիազոր ներկայացուցիչ դառնալու։

Մելիքյանի փոխանցմամբ, իր խնդրանքին դեռևս արձագանքել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և պատրաստակամություն են հայտնել օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում։