Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ անընդունելի են. Երևանի մամուլի ակումբի նախագահ

«Ասֆալտին փռել» կամ «պատին ծեփել» արտահայտություններն ընկալվում են որպես քաղաքական ընդդիմախոսներին ուղղված սպառնալիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ անընդունելի են, իսկ որոշները կարելի էր տառացիորեն ընդունել, եթե դրանք կոնկրետ հասցեատեր ունենային: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ քանի որ այնպիսի արտահայտությունները, ինչպես՝ «ասֆալտին փռել» կամ «պատին ծեփել», որոնք կարող են լինել իրավապահ մարմինների աշխատակիցների ռեալ գործողություններ, օրինակ, իրավակարգը խախտողների դեմ, հստակ հասցեատեր չունեն, ապա դրանք երբեմն ընկալվում են որպես քաղաքական ընդդիմախոսներին ուղղված սպառնալիք:

Անդրադառնալով հանրության շրջանում եւ համացանցում ատելության աճի հարցին, նա պարզաբանեց, որ սա երկրում նման սուր եւ լարված իրավիճակի առաջին դեպքը չէ, եթե խոսքը նախընտրական շրջանի մասին է կամ հանրաքվեին նախորդող շրջանի: «Տեղեկատվական հոսքում ներգրավված սուբյեկտների թվի մեծացմանը զուգահեռ՝ մեծանում է ագրեսիայի ծավալը եւ ատելության արտահայտությունների թիվը: Այս իմաստով նախ անհրաժեշտ է մտածել, թե ինչպես դրանք նվազեցվեն»,- շեշտեց Նավասարդյանը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահը նշեց, որ հանրությունը հետեւում է նրանց վարքագծին, որոնց հաջողակ է համարում, այս դեպքում քաղաքական գործիչներին, ուստի անհրաժեշտ է աշխատանք տանել ոչ միայն օրենսդիր ոլորտում այս կամ այն երեւույթները քրեականացնելու միջոցով, այլեւ այն ուղղությամբ, որ փոխվի բանավեճերի քաղաքական լեզուն, ինչը նույնպես դրական ազդեցություն կունենա: «Այս իմաստով կարեւոր է կոշտություն թույլ չտալ՝ խոսքի ազատությունը չսահմանափակելու համար»,- ամփոփեց Բորիս Նավասարդյանը: