Մարդիկ կարող են փողոց դուրս գալ, շրջափակել պետական կառավարման շենքերը

Նիկոլ Փաշինյանին այլ քայլ չէր մնացել, քան լայվով հանդարտեցնելը

ա

Իշխանության մեջ չկան այնպիսի ֆիգուրներ, որոնց խոսքը ժողովրդի համար ազդեցիկ է, դրա համար Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն է ամեն ինչ անում։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ քննարկվող թեմաների և գործելաոճի մասին։

Վիգեն Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով բալային համակարգի վիճակագրական տվյալների մասին խոսելը որակեց որպես քարոզչություն։ «Այսօրվա իշխանությունը մեկ սպիկեր ունի, որը Նիկոլ Փաշինյանն է։ Չգիտեմ, դա օբյեկտիվ իրականությունից ելնելով է, թե հատուկ է արվում, որպեսզի ամեն ինչ մեկ մարդու վրա կենտրոնանա, բայց փաստը սա է»,- ասաց նա և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանին այս պարագայում մնում է միայն ինքնուրույն, բոլոր հարցերն իր հեղինակությամբ հանդարտեցնել։

«Նույն բալային համակարգի հետ կապված․ խնդիրը բավական սուր է և կարող է լուրջ դժգոհությունների ալիք դառնալ, որի համար մարդիկ կարող են փողոց դուրս գալ, շրջափակել պետական կառավարման շենքերը, սրա համար էլ Նիկոլ Փաշինյանին այլ քայլ չէր մնացել, քան լայվով հանդարտեցնելը»։

Ըստ նրա՝ իշխանության մեջ չկան մարդիկ, որոնք հանրության հետ շփվելու կարողություն ունենան, սա իշխանության ամենագլխավոր թուլություններից մեկն է և, ըստ նրա, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ սպասվող քարոզչությանը Փաշինյանի մասնակցությունը փաստում է, որ միակ քարոզիչը նա է։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է որակել Նիկոլ Փաշինյանի՝ «Այո»-ի բրենդինգի մասնակցելու, լոգո ստեղծելու կոչերը, Հակոբյանը պատասխանեց, որ դա Փաշինյանի գործելաոճն է, որով նա շարժվել է նաև իր հեղափոխության օրերին։

«Մարդկանց անուղղակի կերպով մասնակից են դարձնում «Այո»-ի քարոզչությանը։ Քաղտեխնոլոգիա է․ ստեղծվում է իլյուզիա, որ այս պրոցեսը ոչ թե մեկ մարդ է անում, այլ մենք՝ բոլորս, բայց հետագայում նաև պատասխանատվությունն է մեզ վրա դրվելու: Դրանից հետո, երբ ինչ-որ բան չստացվի՝ մարդիկ շատ դժվարությամբ կընդունեն, որ սխալվել են»,- դիտարկեց նա և հավելեց, որ հիմա մարդիկ անուղղակիորեն «Այո»-ի բրենդ են հնարում։ «Նիկոլ Փաշինյանը հրամցնում է այն գաղափարը, որ մենք բոլորով ենք «Այո»-ի բրենդ ստեղծում։ Սա մաքուր PR տեխնոլոգիա է»։

Անդրադառնալով վերջին շրջանում  Նիկոլ Փաշինյանի` իր հին ելույթները հրապարակելու թեմային՝ Հակոբյանը նշեց, որ դա արվում է իր նախկին դաշնակիցներին ապացուցելու համար, որ նա նախկինում ևս ասել է այն, ինչը ասում և անում է հիմա։ «Ընտրված տեսանյութերով ուզում է ցույց տալ՝ այն ժամանակ էլ էի դուխով, հիմա էլ եմ դուխով, ես միշտ դուխով եմ եղել, ի տարբերություն՝ ոմանց»։

Դիտարկմանը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ինքնուրույն անում, բանախոսն ասաց, որ դա թիմ չունենալու պատճառով է։ «Չկան ինտիտուտներ, գործունյա պետական ապարատներ չկան, որոնք կարող են այնպես աշխատել, որ վարչապետը հետո ստիպված չլինի նրանց ֆունկցիաները մաքրագրել։ Չկա երկրորդ սպիկեր։ Այստեղ մնացել է միայն քարոզչական հնարքը, որով վարչապետը կարող է մաքրել բացթողումներն ու կիքսերը»,- ասաց նա և հավալեց, որ ամեն դեպքում չի կարող ասել, թե նման գործելաոճը ստացվել է: