Փաշինյանն ինչքան ուզենա՝ հիմա էլ Մուկուչյանն այդքան կխփի կամ կնկարի

Այսինքն, երբ Մուկուչյանը ծառայում էր նախկին իշխանավորներին, դա անընդունելի էր, իսկ երբ նույն կեղծարարություններն անում է ներկայիս իշխանությունների համար, դա միանգամայն գովելի է

ՍԴ-ի վերաբերյալ գործող իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների հանրաքվեն քաղաքական առումով բազմաշերտ է: Ընդհանուր առմամբ հասկանալի է, թե ողջ պրոցեսն ինչ միտվածություն ունի, սակայն այստեղ մեկ ևս շատ կարևոր նյուանս պետք է ընդգծել, որն այս եռուզեռի և անհասկանալի իրարանցման մեջ կարծես թե  ստվերում է մնացել:

Խոսքը բոլոր ժամանակների իշխանություններին հլու հնազանդ ծառայած, նրանց օրոք բոլոր ընտրությունների արդյունքները ձեռքի մեկ շարժումով նկարած, համայն հայությանը հայտնի ընտրակեղծարար ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման մասին է:

Հիշում եք երևի, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի վստահությամբ էր հայտարարում, որ ինչքան ուզի, այնքան էլ կխփի և այսօրվա իշխանությունները՝ ի դեմս ՀՀ վարչապետի, դատափետում էին նման վարքագիծն ու քննադատում էին Մուկուչյանին, ում «գեղանկարչության» արդյունքում Սերժ Ազատիչն ինքան ուզում, այդքան խփում էր: Ռացիոնալ մտածողությունը թույլ է տալիս ենթադրել, որ հարգարժան վարչապետը Մուկուչյանին «պահել» է, քանի որ վերջինս իր ստորագրությունն է տվել Նիկոլ Փաշինյանի համար ևս աճպարարական հնարքներ կիրառելու, այն է՝ հիմա էլ ինչքան Նիկոլ Փաշինյանն ուզենա, այնքան կխփի կամ ինչքան ուզենա՝ այնքան էլ կնկարի:

Այսինքն, երբ Մուկուչյանը ծառայում էր նախկին իշխանավորներին, դա անընդունելի էր, իսկ երբ նույն կեղծարարություններն անում է ներկայիս իշխանությունների համար, դա միանգամայն գովելի է: Հենց այստեղ էլ մեռնում է հեղափոխության թվացյալ ամենակարևոր ձեռքբերումը։ Եթե ամեն ինչ այնպես չլիներ, ինչպես որ ներկայացրեցի, ապա Մուկուչյանը վաղուց արդեն պետք է հեռացված լիներ, նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից դեռ չխոսենք, և նրա փոխարեն պետք է լիներ հանրային մեծ վստահություն վայելող մի գործիչ, ում անշահախնդրությունն ու անաչառությունը կասկած չէր հարուցի:

Բայց ինչպես ասում են, որքան մեծ է իշխանությունն, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը և հենց այս ասպեկտից էլ դիտարկված Մուկուչյանի պաշտոնավարումը այս իշխանությունների օրոք շատ ավեի վատ հետևանքների է հանգեցնելու, քան նախկինների դեպքում եղավ:

Հայաստանում իշխանության ուզուրպացիան գնալով ավելի ցայտուն կերպով է արտահայտվում: Դա միայն խոսքերով չի արձանագրվում, այլ նաև կոնկրետ փաստերով, որոնցից մեկը ամենափորձառու աղվես Տիգրան Մուկուչյանի՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում մնալու հանգամանքն է...

Վազգեն Թովմասյան

Նյութի աղբյուրը՝ hraparak.am